
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում այսօր Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։ Բուքմեյքերներն այս խաղում աննշան նախապատվություն են տալիս մեր թիմին։ Մասնավորապես, «Փյունիկի» հաղթանակի համար սահմանված է 2․45 գործակից։ Ոչ-ոքին գնահտված է 3․22, իսկ «Ժալգիրիսի» հաղթանակը՝ 2․9 գործակցով։ Նշենք, որ երկրորդ տուրից հետո H ենթախումբը գլխավորում է շվեյցարական «Բազելը», որն ունի 6 միավոր։ «Փյունիկը»՝ 3 միավորով երկրորդն է, իսկ մեր առաջիկա մրցակիցը մեկ միավորով՝ 3-րդը։ Մրցաշարային աղյուսակը մեկ միավորով եզրափակում է Սլովակիայի չեմպիոն «Սլովանը»։ Առաջին տուրում մեր չեմպիոնը հյուրընկալվելիս 1։3 հաշվով զիջել էր «Բազելին», այնուհետև Երևանում 2։0 հաշվով առավելության հասել «Սլովանի» նկատմամբ։ «Ժալգիրիսը» առաջին տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի 0։0 է խաղացել «Սլովանի» հետ այնուհետև սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջել «Բազելին»։ «Հանդիպում են խմբային փուլի 2 նորեկներ: Մեր անմիջական հանդիպումներում շատ բան է որոշվելու:
Այս բոլոր նախապատրաստական աշխատանքները, որ երկու թիմերն արել են, կապահովեն լավ հանդիպում: Կարծում եմ՝ խաղադաշտում մենք կտեսնենք այն մտահղացումները, որոնք մշակվել են Կարծում եմ, այս դիմակայությունում ֆավորիտներ չկան: Հայկական թիմը խաղում է սեփական հարկի տակ, բայց դա մեզ չի խանգարի:Ես կարծում եմ՝ ոչ միայն «Փյունիկի» հետ այս երկու խաղերը, բոլոր խաղերն են որոշիչ: Մենք փորձելու ենք հաղթել առաջիկա բոլոր 4 խաղերը: Վերլուծելով «Փյունիկին»՝ տեսել ենք, որ սիրում են ագրեսիվ խաղալ, գրոհել: Կփորձենք հնարավորություն չտալ դրսևորելու իրենց ուժեղ կողմերը: Եվս մեկ անգամ կընդգծեմ հարձակման գծի ագրեսիվությունը, եզրերի գործողությունները: Կառանձնացնեի հարձակվողիներին, որոնք իրականցնում են այդ գործողությունները»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ժալգիրիսի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Չեբուրինը։ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով մեր չեմպիոնը ենթախմբում երկրորդ տեղի համար պայքարելու հայտ ներկայացնելու համար այսօր անպայման պետք է հաղթի։ «Չէի ցանկանա մանրամասն խոսել մեր տակտիկական մտահղացումների մասին, քանի որ մենք ունենք մեր գաղտնիքները: Բնական է, վերլուծել ենք և գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը: Պարզապես կարող եմ ասել, որ այո, «Ժալգիրիսն» ունի ուժեղ կողմեր, որոնք մեզ համար խնդիրներ կստեղծեն, եթե մենք մեր պատրաստած պլանը չգործածենք խաղադաշտում: Եթե մեզ մոտ ստացվի, մենք մեր խնդիրը կլուծենք: Լիովին պատրաստ ենք այս խաղին, չունենք վնասվածքներ: Այն կազմը, որն ունենք «Փյունիկում», ամբողջությամբ պատրաստ է խաղին և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես, և՛ տակտիկապես: Չեմ ուզում միայն իմ թիմի հետ պայքարեմ, ուզում եմ ամբողջ ժողովրդի հետ պայքարենք ու հասնենք հաջողության: Խնդրում եմ՝ մեզ հետ եղեք, մեզ օգնեք:
Երբ մենք դրսում ենք խաղում, զգում ենք այդ ճնշումը: Ուզում եմ, որ մրցակիցն էլ մեզ մոտ այդ ճնշումը զգա: Կուզեի, որ մեզ հետ լինեք: «Ժալգիրիսը» շատ է ուշադրություն դարձնում ստանդարտներին: Ես այդ կազմում երկու նախկին ֆուտբոլիստ ունեմ՝ Ռեյնան ու Ժոելը, ծանոթ եմ նրանց որակներին: Մյուսներին ևս ուսումնասիրել ենք: Ուժեղ թիմ են, ուժեղ ֆուտբոլիստներ ունեն: Մեզ համար դժվար է լինելու նրանց հաղթելը, բայց մենք պատրաստ ենք: Մեր ոգին տեղն է: Պետք է ուժեղ թիմին հաղթել, որ դու էլ քեզ ավելի ուժեղ զգաս: Շանսերը ռեալ եմ գնահատում, մենք չենք վախենում աշխատանքից, դժվարություններից: Պետք է ուղղակի աշխատել, աշխատել, աշխատել, պայքարել, պայքարել, պայքարել: Եվ մենք լավ շանս ունենք: Ուզում ենք մեր շանսերը ավելացնել առաջիկա հաղթանակով»,- նշել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Նշենք, որ «Փյունիկն» հայկական առաջին ակումբն է, որը հաղթանակ է տարել եվրագավաթների խաղարկությունների խմբային փուլում։ Մեր չեմպիոնն ունի հաջողությունը զարգացնելու իրական հնարավորություն։ Առաջ շարժվելու գործում ինչ խոսք մեծ է նաև երկրպագուների դերը։ Լիահույս ենք, որ մեր թիմն այսօր լիակատար աջակցություն կստանա «Հանրապետական» ստադիոնում։