Երեկ ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, որին կասկածում են պաշտոնական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար: Սա, իհարկե, բավականին սենսացիոն ձերբակալություն է` նկատի ունենալով թե այն, որ փաստորեն ձերբակալվել է ոստիկանական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչը, թե այն, որ ձերբակալվել է կոռուպցիոն համատեքստում: Գաղտնիք չէ, որ ճանապարհային ոստիկանությունը Հայաստանի ամենակոռումպացված համակարգերից մեկն է:
Սակայն միամիտ կլինի կարծել, որ Մարգար Օհանյանի ձերբակալությունը վկայում է Հայաստանում կոռուպցիայի և կաշառակերության դեմ իրական պայքարի մասին: Բանն այն է, որ այդ պայքարի իրական լինելու պարագայում Մարգար Օհանյանից առաջ պետք է ձերբակալվեին մի շարք այլ բարձրաստիճան ոստիկաններ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք և որոնց համակարգերը ևս կոռումպացված են մինչև ուղն ու ծուծը և թերևս շատ ավելի կարևոր դեր են խաղում պետության ամրության և մրցունակության տեսակետից, քան ճանապարհային ոստիկանությունը: Խնդիրն այն չէ, որ Մարգար Օհանյանին չպետք է ձերբակալեին, այլ այն, թե ինչու չեն ձերբակալվում մյուսները, ոստիկանության մյուս այլ օղակների ղեկավարները և պետական կառավարման համակարգի այլ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները:
Սա հուշում է, որ ի դեմս ՃՈ պետի ձերբակալման` հանրությանը մատուցվում է հերթական շոուն, ինչպես, ասենք, Հովիկ Թամամյանի դեպքում, երբ ներիշխանական ինտրիգը հանրությանը փորձ արվեց մատուցել որպես «անբարո» ոստիկանի դեմ պայքար, այն դեպքում, երբ ոստիկանությունում այդօրինակ «անբարոները» համատարած են: Եթե ձերբակալում են «ընտրովի» անբարոների, ապա դա վկայում է, որ ընդամենը փորձ է արվում հանրության մոտ թողնել արդարության համար պայքարի տպավորություն` իրականում, սակայն, դրանով կոծկելով անարդար և ապօրինածին համակարգի մեղքերը: Սակայն այդ հնարքի հեղինակներին, իհարկե, չարժե հուսալ, թե հասարակությունն այդ ամենը չի հասկանում և կուլ է տալու թատերական շոուները:
Հասարակությունը շատ լավ գիտե, թե իրական պայքարի դեպքում ինչ հերթականությամբ պետք է լինեն ձերբակալությունները, պետական կառավարման համակարգի որ կառույցից պետք է սկսեն և որ կառույցով վերջանան: Ու թերևս իշխանությունն էլ շատ լավ գիտե, որ հանրության մոտ համոզիչ լինելու համար պետք է ոչ թե տարին մեկ կամ եռամսյակը մեկ ընտրովի ձերբակալություններ կատարվեն, այլ իշխանական համակարգում տեղի ունենա, այսպես ասած, «օպերատիվ որոնողական» աշխատանք և համակարգի տոտալ մաքրազերծում:
Իսկ եթե իշխանությունն այնուհանդերձ չի կողմնորոշվում, ապա կարող է դիմել հասարակության օգնությանն, ու քաղաքացիները երևի թե նրանց կասեն` անուն առ անուն, թե ում է պետք ձերբակալել ոստիկանությունում, բանակում, դատախազությունում, հարկային և մաքսային ծառայություններում, նախարարություններում, Ազգային ժողովում, դատարաններում, թե որ օլիգարխի որ սափրագլխին է պետք ձերբակալել, որ ընտրակեղծարարին: Հասարակությունն այդ հարցում հաճույքով կօգնի իշխանությանը, եթե կա ապօրինությունների դեմ պայքարի իրական ցանկություն, ոչ թե ժամանցային տրամադրություն: