Ադրբեջանի զինված ուժերի կողմից սեպտեմբերի 13-ին ռազմական էսկալացիա սկսելու որոշման վրա էական ազդեցություն են ունեցել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ադրբեջանը որոշեց հենց սեպտեմբերի 13-ին սկսել Հայաստանի դեմ ռազմական գործողությունները:
«Հենց կոնկրետ օրվա վերաբերյալ դժվար կլինի կռահումներ անել, բայց ժամանակաշրջանի առումով, կարծում եմ, որ էական է, որ միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի դեպքերի վրա և Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ի միջի այլոց, այդ առումով հատկանշական է 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանը, երբ ամբողջ միջազգային հանրությունը կենտրոնացած էր համավարակի և դրանից բխող ներքին խնդիրների վրա: Հիմա էլ նույն իրավիճակն է ամբողջ աշխարհում, որովհետև նաև Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակի բերումով երկրները առաջիկա ձմռան նախապատրաստության առումով շատ կենտրոնացած են այդ խնդիրների վրա»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ հնարավոր է, որ էներգետիկ բաղադրիչի կարևորության ավելացումը ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դառնում են ավելի ագրեսիվ: