Այն, ինչ շրջանառվում էր որպես տեղեկատվություն կամ վերլուծությունների արդյունքում եզրահանգումներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հաստատեց ուղիղ տեքստով՝ իհարկե, չտալով Ռուսաստանի անունը, բայց մենք ուրիշ ի՞նչ դաշնակից ունենք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան դեպքեր, երբ Հայաստանը 100 միլիոնավոր դոլարներ է վճարել, սակայն զենքի մատակարարումները չեն կատարվել, այդ թվում դաշնակից երկրների կողմից:
«Հայաստանը դե յուրե այլ դաշնակից չունի: Մեկը Ռուսաստանն է, որի հետ ունենք երկկողմ ձևաչափ և ՀԱՊԿ շրջնակներում ունենք մի շարք երկրների հետ, որոնք, ըստ էության, մեզ զենքի մատակարար չեն: Այստեղ ուրիշ թեկնածու չկա, բացի Ռուսաստանից»,-ասաց նա: