Հայաստանի պաշտպանության նախարարությունը կարճ հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին։
Նշենք, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ Ժամբիլի և Ալմաթիի շրջաններում անցկացվում են «Փոխգործակցություն-2022», «Պոյիսկ-2022», «Էշելոն-2022» զորավարժությունները։
Այդ կապակցությամբ սեպտեմբերի 22-ից 30-ը Ղազախստան են ժամանում ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական զորակազմերը:
Զորակազմերի տեղաշարժի ընթացքում կմշակվեն հրամանատարական ծառայության, հակաօդային պաշտպանության և համալիր աջակցության հարցեր։
Առայժմ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որը հրաժարվել է մասնակցել հիշյալ զորավարժություններին։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ սա ոչ թե Հայաստանի կողմից դեմարշ է, այլ ավելի շուտ քաղաքական քայլ՝ այլ գործընկերներին ցույց տալու, որ Հայաստանն ունակ է ինքնուրույն որոշումներ կայացնել․ «Թեև այս պահին դեռևս չի նախաձեռնվել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց, բայց որոշակի հնարավորությունների դեպքում, որոնց կխանգարի ՀԱՊԿ-ը, Հայաստանը կարող է նաև այդ գործընթացը սկսել։ Այսինքն՝ սա ուղերձ է այն գործընկերներին, որոնք սպասողական դիրք են ընդունել Հայաստանի նկատմամբ կամ փոքր քայլերով են առաջ շարժվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանն այսկերպ հատկապես Ռուսաստանին է ցույց տալիս, որ իրենից կախվածություն չունի։
Մեր այն դիտարկմանը, որ Ռուսաստանը հիմա ավելի շատ կարիք ունի ցույց տալու, որ միջազգայնորեն մեկուսացված չէ և հարցին, թե արդյոք մեր այս քայլը կունենա հետևանքներ, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Եթե նկատի ունեք հետևանքներ Ռուսաստանի կողմից՝ անվտանգային վիճակի հետ կապված, ապա չեմ կարծում, որ ավելի վատ վիճակ կարող է լինել, քան գոյություն ունի, քանի որ Հայաստանը բավականին լուրջ անվտանգային սպառնալիքներ ունի այս պահին։ Առավել ևս այն իրավիճակում, երբ Ռուսաստանն ամբողջապես կլանված է Ուկրաինայի հակամարտությունում և նրա ուշադրությունը շեղում են մոբիլիզացիայի հետ կապված իրավիճակները․․․ այս ամենի համատեքստում Հայաստանի նկատմամբ պատժիչ գործողություններ ես չեմ կանխատեսում»,-եզրափակեց նա։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Հայաստանի դիրքորոշումը դրական է գնահատում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեհրաբյանն ասաց․ «Սա կունենա նաև դրական հետևանքներ։ Այո՛, Հայաստանը պետք է ջրբաժան անցկացնի իր և ՀԱՊԿ-ի միջև, հեռավորություն պահի իր և այդ կազմակերպության միջև։ Ընդհանրապես մեզ այդ կազմակերպությունը որևէ բանի համար պետք չէ»։
Թե ինչպիսին կլինեն մեր որոշման հետևանքները, ըստ մեր զրուցակցի, Հայաստանին չպետք է մտահոգի․ «Ինչպես ուզում են՝ թող գնահատեն։ Եվ երկրորդ՝ այստեղ կարևորն այն է, թե մենք ինչ ենք ուզում։ Ամենավերջին բանը, որ մեզ պետք է հետաքրքրի, այն է, թե Ռուսաստանն ինչ է մտածում։ Իսկ հետևանքները հետևյալն են․ Հայաստանը պետք է ապահովի ռազմավարական շրջադարձ իր անվտանգության քաղաքականության մեջ և ձևակերպի նոր քաղաքականություն, որտեղ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ»,-եզրափակեց նա։