Կիրակի՝ սեպտեմբերի 25-ին, Կուբայում հանրաքվե է անցկացվել՝ նույնասեռ ամուսնությունների օրինականացման և փոխնակ մայրության հարցերի շուրջ: Համապատասխան փոփոխություններն առաջարկվում է կատարել նոր ընտանեկան օրենսգրքում։ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը դա անվանել է «արդար, անհրաժեշտ, արդիականացված և ժամանակակից օրենք, որը իրավունքներ և երաշխիքներ է տալիս բոլորին»:
Նախագիծը ներկայացնում է ընտանիքի նոր սահմանումը. «երկու մարդու» միություն՝ անկախ սեռից։ Համասեռամոլ զույգերին, ըստ առաջարկվող փոփոխությունների, թույլատրվում է նաև որդեգրում։ Առաջարկվում է նաև առանց դրամական փոխհատուցման օրինականացնել փոխնակ մայրությունը։
Հանրաքվեի դրված հարցերի շուրջ հնարավորություն է ունեցել քվեարկել 16 տարեկանից բարձր ութ միլիոն ընտրող։ Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է, որ դրան աջակցի քաղաքացիների կեսից ավելին։ Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերի 26-ին։