«Օլիմպ» արտադրական կոոպերատիվին պատկանող «Միլանո» խանութի շարժական գույքը ի պահ է տրվել «ԱվոՖՄՀ» ՍՊԸ-ին, սակայն, առանց կոոպերատիվին տեղեկացնելու՝ տեղափոխվե՞լ է արդյոք շարժական գույքը, թե՞ ոչ, նոր սեփականատերը քանդել է շենքը: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին հողին հավասարացված «Միլանո» խանութի շենքը տարիներ առաջ «գերակա հանրային շահ» էր ճանաչվել և հանձնվել «ԱվոՖՄՀ» ՍՊԸ-ին, իսկ դատական վեճերը ընթացքի մեջ են:
Քանդելուց հետո չի վնասվել միայն նկուղային հարկը, որտեղ պահվող գույքը հավանաբար թալանվել է:
«Օլիմպ»-ի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնում է, որ շարժական գույքը գնահատվում է 300,000 ԱՄՆ դոլարի չափով:
Երեկ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատերերը դիմել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գույքը վերադարձնելու պահանջով, կամ գույքի բացակայության դեպքում՝ փոխհատուցման պահանջով: