
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից, փաստաբան Արման Զրվանդյանը
Պարոն Զրվանդյան, Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագա)՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկելու խնդրանքով։ Ի՞նչ է որոշել դատարանը:
ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի խնդրանքը և կիրառել է միջանկյալ միջոցներ՝ մինչև վերջնական որոշում կկայացվի: Քանի որ նոր ագրեսիա է տեղի ունեցել, մեր երկրի ներկայացուցիչը խնդրել է վերանայել այդ որոշումը և այն տարածել վերջին իրադարձությունների վրա ևս:
Այս փուլում ի՞նչ պետք է անի Հայաստանը միջազգային դատարանում, ո՞րն է Ձեր առաջարկը:
Մենք Հաագայի միջազգային քրեական դատարանի հետ չենք աշխատում ու չենք աշխատել: 1999 թվականին ստորագրել ենք, սակայն չենք վավերացրել համագործակցության արձանագրությունը, այսինքն՝ այդ միջազգային կազմակերպության անդամ չենք: Դրա համար բազմաթիվ պատճառներ կան. եղել են երկրներ, որոնք խոչընդոտել են Հայաստանի մասնակցությունն այդ դատարանին, իրենց շահերից ելնելով նույնիսկ ՍԴ-ն եզրակացություն է ներկայացրել, որ դատարանի կանոնադրությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Բայց դրանից հետո երկու անգամ Սահմանադրություն է փոխվել: Այսինքն դժվար է ասել՝ հիմա հակասում է Սահմանադրությանը, թե ոչ: Պատերազմից հետո իրավիճակն էապես փոխվել է, արդեն հարձակումները Հայաստանի տարածքի վրա են տեղի ունենում, և իմ խորին համոզմամբ անվտանգության շերտ կավելանար Հայաստանի համար, եթե մենք հիմա անդամակցեինք այդ միջազգային քրեական դատարանին: ՄԱԿ-ի դատարանում պետություններն են իրար դատի տալիս Հայաստանը հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ, և եթե դա բավարարվի, Ադրբեջանի պետությունն է պատասխանատվության ենթարկվելու ինչ-ինչ կոնվենցիաներ կամ ՄԱԿ-ի կանոնադրություն խախտելու համար: Իսկ Միջազգային քրեական դատարանը չի դատում պետություններին, նա դատում է միայն անհատներին՝ ռազմական հանցագործությունների, ցեղասպանության հանցագործության, մարդկության դեմ ուզզված հանցագործությունների համար և 2018-ից ի վեր արդեն նաև ագրեսիայի հանցագործության համար: Այդ 4 խումբ հանցագործությունների համար պատասխանատու են ֆիզիկական անձինք: Դե պատկերացրեք ագրեսիայի հանցագործության համար քրեական մեղադրանքը կարող է հասնել մինչև գերագույն գլխավոր հրամանատարին, շտաբի պետին: Այսինքն այստեղ պատասխանատվությունը հասցեական ու անհատական է: Կոնկրետ անձը ենթարկվում է մեղադրանքի և եթե մեղադրանքը հաստատվում է, ենթարկվում է քրեական պատասխանատվության ու պատժի: Այսինքն այդ դատարանը կարող է նույնիսկ երկրի գործող ղեակավարին, առանց հաշվի առնելու իմունիտետները, քրեական պատժի ու ազատազրկման դատապարտել: Քանի որ մենք չենք վավերացրել, մեզ վրա չի տարածվում այդ դատարանի իրավազորությունը և մենք չենք գտնվում պաշտպանության տակ, մեզ չենք կարող պաշտպանել այդ հանցագործություններից այդ դատարանի օգնությամբ: Մենք զոհ ենք, ունենք սարսափելի խոշտանգումների ենթարկված զինվորականներ, ունենք ագրեսիայի ակտ: Խոշտանգումները ռազմական հանցագործություններ են: Միջազգային քրեական դատարանը ոչինչ չի կարող անել, որովհետև մենք չենք վավերացրել:
Նշվում է, որ ագրեսիայի հիմքով Հաագայի դատարան դիմելու համար Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելու կարիք ունի:
Ոչ միայն կարիքը չկա, այլ ցանկալի չէ վավերացնելը: Նշում են, թե մենք պետք է հայց ներկայացնենք քրեական դատարան: Քրեական դատարանը քաղաքացիական դատարան չէ, այնտեղ հայցեր չեն քննվում: Կամ ասում են՝ եկեք վավեռացնենք, որ անդամահատված, խոշտանգված մեր զինծառայողների գործերն այնտեղ քննվեն: Եթե նույնիսկ մենք վավերացրեցինք հենց հիմա այդ կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը եի միացանք այդ դատարանին, մեր վավերացումը հետադարձ ուժ չի ունենա, այսինքն չի տարածվի սեպետմբերի 12-15-ի հանցագործությունների վրա: Նախ, վավերացումը որոշակի ժամանակ է ենթադրում, ԱԺ-ն պետք է քննարկի, վավերացնի, հետո պետք է գնա ՍԴ կարծիքի: Եկեք ենթադրենք, որ օրինակ, դեկտեմբերին վավերացրեցինք, այդ դատարանը իրավազորություն կունենա միայն այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի կունենան վավերացումից հետո: Փաստորեն դրանով մենք վնաս կտանք մեզ: Եթե մենք ուզում ենք, որ քննվի 2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք, բայց չտարածենք 2020-ի քառօրյա պատերազմի վրա, մի պարզ մեխանիզմ կա, որը ուրիշ երկրները գործարկել են: Իմ առաջարկն ու հորդորը նա է, որ այդ մեխանիզմով գնանք միջազգային քրեական դատարան, ոչ թե վավերացումով: Որն է այդ մեխանիզմը. Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը թույլ է տալիս և ասում է՝ եթե դուք չեք ուզում մշտապես միանալ մեր ակումբին, կարող եք ժամանակավորապես իրավիճակային ճանաչել դատարանի իրավազորությունը: Պաղեստինը ուղղակի նամակ է ուղարկել կառավարության անունից ՀՄԴ ղեկավարությանը՝ ասելով, որ մենք ճանաչում ենք ձեր իրավազորությունը՝ առանց վավերացնելու և հետադարձ ուժով է ճանաչել, այսինքն՝ 2009 թվականին ներկայացրել է դիմումը՝ ասելով, որ ձեր հիմնադրման օրվանից 2002 թվականի հուլիսի 1-ից ընդունում ենք ձեր իրավազորությունը պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի շրջանակներում։ Այսինքն՝ 2009-2010 թվականներին իրենք ընդունել են, որ դատարանն իրավազորություն իրականացնի նաև դրանից առաջ ընկած իրադարձությունների նկատմամբ պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի շրջանակներում։
Երկրորդ պետությունը, որ արել է դա, Ուկրաինան է, որը Հաագայի միջազգային դատարան կանոնադրությունը վավերացրած երկրների շարքում Ուկրաինան չկա, բայց հիմա քննվող գործերի շարքում Ուկրաինայի կոնֆլիկտը կտեսնենք այնտեղ, ի դեպ, 2013-2014թվականի կոնֆլիկտը և նոր պատերազմը։ Շեշտենք, որ Ուկրաինան ճանաչել էր դատարանի իրավազորությունը՝ առանց վավերացնելու և մինչև հիմա չի վավերացրել։ Ո՞րն է սրա առավելությունը․ Եթե մենք ճանաչեինք դատարանի իրավազորությունը, մենք իրավունք ունենք նշել որևէ ամսաթիվ, որից սկսած մենք դա ճանաչում ենք, իսկ վավերացման դեպքում դու չես կարող դա անել, քանի որ վավերացումն ընդունվելու օրվան հաջորդող իրադարձությունների վրա է տարածվում։
Միջազգային քրեական դատարանում ապացույցով և փաստերով են առաջնորդում։ Ես որևէ հիմնավորում չեմ տեսել, թե ինչու չեն դիմել մեր իշխանությունները
Հարց եմ հնչեցնում՝ եթե կա որևէ մեկը, որ մտածում է, որ սա մեր շահերից չի բխում դատարանի իրավազորության ճանաչումը, թող գա իր փաստարկները ասի, բանավիճենք։ Այսքան ժամանակ որևէ հիմնավոր հակափաստարկ չեմ լսել, թե ինչու չենք արել։