Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը տուն է գնել Լոնդոնի, ինչպես նաև ամբողջ Մեծ Բրիտանիայի, ամենաթանկ փողոցում, որը կատակով անվանում են նաև «Միլիարդատերերի փողոց»:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Քենսինգթոն Փելես Գարդենի առանձնատունը «Չելսի» ֆուտբոլային ակումբի ղեկավարին արժեցել է 90 մլն ֆունտ ստերլինգ (մոտավորապես 150 մլն դոլար):
Պարբերականի տվյալներով՝ տանը կա 15 ննջասենյակ, այն շրջապատված է այգիներով: Ներկա պահին տան տակ կառուցվում են ստորգետնյա տարածքներ, որտեղ կգտնվեն թենիսի կորտերը, առողջարարական կենտրոնը և մասնավոր թանգարան, որտեղ կտեղակայվեն Աբրամովիչի Ferrari մակնիշի 6 հին մեքենաները:
Առանձնատունը գնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ Նեյթսբրիջ թանկարժեք թաղամասի տան, որը Աբրամովիչը գնել էր իր, Դաշա Ժուկովայի և իրենց փոքրիկ տղայի համար, վերանորոգման աշխատանքները ձգձգվում են: