Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով ժամանելու է Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությունը։
Ադրբեջանում Երեմիչին ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բացի այդ, նախատեսվում է, որ Սերբիայի արտգործնախարարն հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևի հետ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Սերբիայի դեսպանատունը բացվել է այս տարվա մարտին: Հունիսի սկզբին էլ Սերբիա էր այցելել Իլհամ Ալիևը, ինչի շրջանակներում Ադրբեջանի ու Սերբիայի միջև ստորագրվել էր 7 համաձայնագիր և 5 հուշագիր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությանը (արտակարգ իրավիճակների, մաքսային, ներդրումների պաշտպանվածության, կրթական, սպորտի ու երիտասարդության, շրջակա միջավայրի պահպանման, մշակութային ոլորտներ)։