
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում հայտնել է, որ իր հրավերով վաղը Հայաստան կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
«Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է: Այս ուղղությամբ տարբեր միջոցներ ենք ձեռնարկում»,-անդրադառնալով ՀՀ բանակի կարիքներին՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Զենքն անընդհատ համալրման կարիք ունի: Մնացած բոլոր կարիքները հոգալու մասով Կառավարությունն ամեն ինչ անում է եւ որեւիցե գումարային խնդիր չունի»,- մասնավորապես նշել է Ալեն Սիմոնյանը:
Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիևը, որ մենք չենք տալիս բանակցություններով և ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է.
«Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք և Թուրքիան, և այդ ուղղությամբ անում են ամեն ինչ: Մարտավարությունն այսպիսին է. հենց ինչ-որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում և այլ բան է ուզում, և այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով»: