
«Փյունիկը» դարձավ հայկական առաջին թիմը, որը հաղթանակ տարավ եվրագավաթների խաղարկության խմբային փուլում։ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում մեր չեմպիոն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով առավելության հասավ Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» նկատմամբ։ 35-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնին առաջ մղեց Արտակ Դաշյանը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Մեկ րոպե անց հեռվից կատարած հարվածով աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն։ Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» H ենթախմբում բարձրացավ երկրորդ հորիզոնական։ Խմբի մյուս խաղում շվեյցարական «Բազելը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով առավելության հասավ Լիտվայի չեմպիոն «Ժանգիրիսի» նկատմամբ։ Այս պահին «Բազելը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ժալգիրիսն» ու «Սլովանը» մեկական միավորով գտնվում են 3-4-րդ հորիզոնականներում։ Հիշեցնենք, որ առաջին տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով իջել էր «Բազելին»։
Երեկ «Փյունիկն» ապացուցեց, որ կարող է պայքարել Կոնֆերենցիաների լիգայի 1/16-րդ եզրափակչի ուղեգրի համար։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցել էր նաև Երևանի «Ալաշկերտը»։ Վերջինիս սակայն չէր հաջողվել գեթ մեկ հաղթանակ տանել։ «Այո մենք հաղթեցինք, բայց ավելի տխուր փաստ ունենք. մեր երկրում պատերազմ է: Դրա համար ես չեմ ուզում շնորհավորել մեր թիմին: Ուզում եմ այս հաղթանակը նվիրել մեր զինվորներին: Տղերք ջան, մենք ձեզ հետ ենք: Բոլորս պետք է միասին լինենք: Այդքան էլ ուրախ չեմ, շատ ենք մտահոգված, շատ ենք մտածում: Երկի՛ր, ժողովո՛ւրդ, մենք ձեզ հետ ենք: Աստված մեզ պահապան: Խաղի մասին մի երկու բառով կարող եմ ասել. ճիշտ վերլուծել էինք, փակել էինք ուժեղ կողմերը, ավելի շատ մենք իրենց համար խնդիր ստեղծեցինք, քան իրենք մեզ: Առաջին խաղակեսում հաջողության հասանք: Երկրորդ խաղակեսում տղաներին ասացի, որ պետք չէ պաշտպանությունից սկսել: 45 րոպե պաշտպանվելը դժվար կլինի, պետք է ագրեսիվ լինել: Բայց նաև ասացի, որ մրցակիցը չի համակերպվելու պարտության հետ և ճնշում է գործադրելու: Մեզ մոտ և պլան Ա-ն, և պլան Բ-ն ստացվեցին շնորհիվ մեր տղաների նվիրվածության: Հաղթել ենք ուժեղ թիմի»,- խաղից հետո ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ «Հանրապետական» մարզադաշտը երեկ լեցուն չէր։
Ստադիոն երկած երկրպագուներն էլ զերծ էին մնում վանկարկումներից խաղին հետևելով լուռ։ Այս պայմաններում «Փյունիկը» խաղաց թասիբով դրսևորելով կամային բարձր որակներ։ Թիմի առաջատարներ Արտակ Դաշյանն ու Հովհաննես Հարությունյանն իրենց վրա վերցրնել խաղը խաղընկերներին մղեցին պայքարի։ Երկրորդ գոլի հեղինակ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն էլ երկրորդ գոլը նվիրեց Հայաստանին։ Մասնավորապես, գոլից հետո նա ցուցադրեց շապիկը, որի վրա գրված էր «Stand with Armenia»։ Կարճ ասած երեկ «Փյունիկը» ցույց տվեց թե ինչպես պետք է պայքարել հաղթանակի համար, երբ այն օդի և ջրի պես պետք է պետությանը։ Եղիշե Մելիքյանին հաջողվեց ձևավորել այնպիսի կոլեկտիվ, որը ի զորում է լուրջ խնդիրներ լուծել։ Այո, դեռ աշխատելու տեղ շատ կա, բայց․․․։
Նման հարությունում, նման որակի մրցակցի մենք դեռ չէինք հաղթել։ «Շնորհավորում եմ «Փյունիկին» հաղթանակի համար։ «Փյունիկն» արժանի էր այս հաղթանակին։ Նրանք այսօր ավելի լավն էին, քան մենք։ Հետևություններ կանեմ այս խաղից հետո»,-խաղից հետո ասել է «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը։ Ինչևէ, Կոնֆերենցիաների լիգայի խմբայն փուլի երրորդ տուրը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին։ Այս օրը «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի «Ժալիգրիսի» հետ։ Մինչ այդ երևանյան թիմը Հայաստանի առաջնության շրջանակներում երկու կարևոր հանդիպում կանցկացնի մրցելով «Ալաշկերտի» և «Ուրարտուի» հետ»։