Ադրբեջանը ամենևին պատճառ չունի իր որևէ ոտնձգություն լեգիտիմացնելու համար, պետք է լայն դիտարկել պատճառները, որոնք ստիպում են Բաքվին գնալ սադրանքների: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանը կարծում է, որ տեղեկատվական պատերազմով Ադրբեջանը փորձում է աշխարհաքաղաքական դերակատարների հետ առևտրի դաշտ ստեղծել․ «Ակնհայտ է՝ Ալիևը հասկանում է՝ Փաշինյանը Պուտինից հավաստիացում է ստացել՝ միջանցք չի լինելու: Օգտվելով ՌԴ վատթար վիճակից՝ Ալիևը փորձում է միջազգային հանրությանը ստիպել ստեղծել իրավիճակ, որ ՌԴ-ն կընկրկի և ճնշում կբանեցնի Երևանի վրա»:
Ըստ Արման Բաբաջանյանի՝ Երևանը հասկանում է՝ առանց ԱՄՆ-ի և ՄԽ-ի վերբեռնման հնարավոր չէ խնդիրը առաջ տանել․ «Չի բացառվում, որ ԱՄՆ-ին ձեռնտու լինի քաոտիկ միջավայր մեր տարածաշրջանում,որպեսզի ստիպված դիմեն Վաշինգտոնին: Երևանը անհրաժեշտ տնային աշխատանքը Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ չի կատարել․ ամբողջ դերը վերապահել է ՌԴ-ին»: