«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կանխատեսմամբ՝ առաջիկա աշնանը ականատես ենք լինելու երկու վտանգավոր զարգացումի՝ խորհրդարանական ընդդիմության փոշիացման և իշխանության ավտորիտար միտումի աշխուժացման․ «Աշնանը կունենանք փոշիացված ընդդիմություն և առանց արգելակների իշխանություն: Այլընտրանքային իշխանության կառուցակարգը բնորոշ է հեղափոխական իրականությանը: Ընդդիմությունն իր առաքելությունը չի կատարում: Մենք իշխանության անհոգ անպատասխանատվության խնդիր ունենք: Իշխանությունը պետք է գիտակցի, որ Հայաստանը Հյուսիսային Կորեա դառնալու ռեսուրս չունի»:
Սուրենյանցը կարծում է, որ իշխանությունը պետք է համարձակ երկխոսություն ծավալի․ «Իշխանությունը հարկադրված է լինելու ամիսներ հետո այլ ուժերի հետ գնալ արտահերթ հանգուցալուծման: Այս կառավարման համակարգը չի համապատասխանում առկա քաղաքական իրողություններին: Ընդդիմության խնդիրը ոչ թե վարվող կուրսի, այլ մեկ անձի դեմ է: Այս անտրամաբանական վիճակը կարող է բերել իշխանության համարձակ քայլերի, ինչից հետո մանևրից զրկված ընդդիմությունը որոշում կկայացնի»: