Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը վաղուց սպասված զեկույց է ներկայացրել Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում առկա խախտումների մասին: Փաստաթղթում մանրամասն նկարագրված են ույղուրների և այլ մահմեդական փոքրամասնությունների իրավունքների մի շարք խախտումներ, սակայն չի հիշատակվում ցեղասպանության մասին. մեղադրանք, որը հնչեցրել են ԱՄՆ-ն և այլ երկրներ։
«Ույղուրական և այլ, առավելապես մահմեդական, խմբերի ներկայացուցիչների կամայական և խտրական ձերբակալությունների մասշտաբները կարող են իրենցից ներկայացնել միջազգային հանցագործություններ, մասնավորապես՝ մարդկության դեմ»,-նշվում է զեկույցում։
«Ես ասել եմ, որ զեկույցը կհրապարակեմ մինչև իմ մանդատի ավարտը, և ես դա արել եմ»,- նշել է Բաչելետը: Նրա խոսքով՝ մի շարք պետությունների կողմից Մարդու իրավունքների հետ կապված լուրջ հարցերի քաղաքականացումը չի օգնել բարելավել իրավիճակը։
Մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը և Amnesty International-ը, արդեն հայտարարել են, որ զեկույցը պետք է ելակետ հանդիսանա Պեկինի նկատմամբ հետագա գործողությունների համար:
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչությունը դատապարտել է զեկույցը և վճռականորեն հանդես եկել դրա հրապարակման դեմ: Չինացի դիվանագետները հայտարարել են «հակաչինական ուժերի կողմից շինծու ապատեղեկատվության և ստի» արշավի և ՉԺՀ-ի ներքին գործերին միջամտության մասին:
Մայիսին Պեկին այցելած հանձնակատարը քննադատության էր ենթարկվել իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես՝ HRW-ին, ինչպես նաև մի շարք արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ փոխգործակցություն կառուցելիս «ավելորդ փափկության և միամտության» համար: HRW-ն այս տարվա գարնանը կատարած այցը գնահատել է աղետալի։