
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Արսեն Զախարյանը վերջին օրերին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հայազգի հարձակվողը մոտ է Լոնդոնի «Չելսիի» հետ պայմանագիր կնքելուն։ Հայաստանի ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ Զախարյանը Լոնդոն տեղափախվելով փորձում է փրկել կարիերան։ Այս մասին նա ասել է Мат ТВ-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Ես ինձ իրավունք չեմ վերապահում դատել կամ հարցեր տալ Արսենին, սա նրա ընտրությունն է, որը մենք պետք է հարգենք: Նա, հավանաբար, այս կերպ փորձում է փրկել իր մարզական կարիերան»,- ասել է Բերեզովսկին:Նա նաև նշել է, որ հայ մարզիչներն ու երկրպագուները ուրախ կլինեին, եթե Զախարյանը որոշեր խաղալ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականում։ «Ինչ վերաբերում է քաղաքացիության փոփոխությանը, դա ՈՒԵՖԱ-ի իրավաբանների հարցն է, բայց, ամենայն հավանականությամբ, դա անհնար է։ Այո, նա հայկական արմատներ ունի, բայց վերջերս է ընտրություն կատարել՝ խաղալու Ռուսաստանի հավաքականում։ Այս որոշումը նույնպես պետք է հարգվի»,- հավելել է Բերեզովսկին։
Արդեն այսօր հայտնի դարձավ, որ ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ և Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Չելսի» կարող է չկայանալ։ Երկու ակումբերն էլ կողմ են ֆուտբոլիստի տրանսֆերին, սակայն դրա համար անհրաժեշտ է համաձայնեցնել որոշ մանրամասներ։ Օրինակ՝ մոսկովյան ակումբին գումար փոխանցելու հարցը դեռ հստակեցված չէ։ Անգլիական ակումբը պետք է դա անի մինչև սեպտեմբերի 1-ը, որից հետո Պրեմիեր լիգայում փակվում է տրանսֆերային պատուհանը։ Գործարքի արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։ Նշվում է , նաև որ պետք է հասցնի 5 օրում ստանալ Մեծ Բրիտանիայի աշխատանքային վիզա եւ բուժզննում անցնել եվրոպական որեւէ երկրում լոնդոնյան ակումբի համար։ 19-ամյա ռուսաստանցի հարձակվողին «Չելսին» առաջարկել է 7 տարվա պայմանագիր մոտ 1,5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեեւը հաստատել էր, որ բանակցությունները մոտենում են ավարտին։ «Չելսին» իր հերթին արձագանքել էր Զախարյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին.«Մեր ակումբի քաղաքականությունն է չմեկնաբանել տրանսֆերային ասեկոսեներն ու մամուլում շրջանառվող շահարկումները»,- նշված էր «Չելսիի» մամուլի քարտուղարության հայտարարության մեջ: Կկայանա՞ արդյոք գործարքը և պատրաստ է արդյոք Զախարյանը խաղալու Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկում։ Ռուսաստանի ընացիկ առաջնությունում կայացած 7 տուրերում Արսեն Զախարյանին հաջողվել է խփել ընդամենը 1 գոլ հուլիսի 24-ին գրավելով Մոսկվայի «Տորպեդոյի» դարպասը։ Համեմատության համար նշենք, որ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանը խփել է 6 գնդակ և ռմբարկուների պայքարում երկրորդն է։ Սպերցյանը ընդամենը մեկ գոլով է զիջում Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող «Պրոմեսին»։ Ընդունենք, որ «Չելսի» տեղափոխվելու համար Զախարյանի արդյունավետությունն ընթացիկ մրցաշրջանում այն չէ։
Նշենք նաև, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալու համար Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին անհրաժեշտ է սեփական երկրի ազգային թիմում մասնակցել մեկ տարվա կտրվածքով առնվազն 75 տոկոս հանդիպումներին։ Զախարյանն ընդամենը 4 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում։ Նշենք, որ Ռուսաստանի ազգային թիմը որակազրկված է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից և դե յուրե գոյություն չունի այս պահին։ Թե ինչպես է այս խնդիրը կարգավորվելու դժվար է ասել։ Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Զախարյանը մտադիր է ընդունել Հայաստանի քաղաքացիություն և խաղալ մեր երկրի ազգային թիմում։
ՀՖՖ-ն այս տեղեկությունը հերքեց նշելով, որ որևէ կապ չունի այլ երկրի ազգային թիմի ֆուտբոլիստի հետ։ Կարճ ասած Արսեն Զախարյանին փրկվելու և Անգլիա տեղափոխվելու համար մնացել է մոտ 24 ժամ։ Եթե ժամանակին Զախարյանը ընդուներ Հայաստանի հավաքականում խաղալու հրավերն ապա այսօր առանց որևէ խնդրի պայմանագիր կկնքեր լոնդոնյան թիմի հետ։