
Հայաստանի արտգործնախարարությունը նախօրեին տեղեկացրեց, որ պատասխանել են ՌԴ դեսպանատան բողոքին և պատասխանն ուղարկել ՌԴ ԱԳՆ: Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կոռեկտ չի համարում հրապարակել պատասխանի բովանդակությունը, քանի որ խոսքը դիվանագիտական գրագրության մասին է: Այդ կերպ Երևանը փաստացի ակնարկում է ռուսական կողմի պահվածքի ոչ կոռեկտության մասին, քանի որ ՌԴ դեսպանատունը հանրայնացրել էր Հայաստանի ԱԳՆ ուղղված բողոքը: Այդուհանդերձ հետաքրքիր է, թե ի՞նչ է պատասխանել Երևանը: Ինչպես հայտնի է, ռուսական կողմը բողոքել էր Սուրմալու տոնավաճառում ողբերգական պայթյունի առնչությամբ մամուլի հրապարակումներում ռուսական կառույցներին ուղղված մեղադրանքների առնչությամբ, Հայաստանի իշխանությունից ակնկալելով անգամ հրապարակային խոսքում հակազդում այդօրինակ մեղադրանքներին: Այդպիսի բողոքը կարող էր հիմնավոր լինել մի դեպքում, եթե ռուսական կողմը ունենար հստակ փաստական տվյալներ, որ այդօրինակ հրապարակումները արվել են Հայաստանի իշխանության, կամ իշխանությանը մոտ կանգնած և սերտ առնչվող անձանց պատվերով կամ մասնակցությամբ: Հակառակ պարագայում, միանգամայն տրամաբանական կլիներ հերքումը և այդօրինակ մեղադրանքների դատապարտումը, բայց անտրամաբանական և մեղմ ասած ոչ կոռեկտ, իսկ պարզ ասած ներքին գործի միջամտություն է Հայաստանի իշխանությունից՝ այդ ամենին հակազդելու ակնկալիքը:
Հետևաբար հարց է առաջանում, թե ինչ գրագրություն է առկա Երևանի պատասխանում, որովհետև, եթե ռուսական կողմը ունեցել է ապացույցներ, որ այդօրինակ մեղադրանքների հետևում կան նաև քաղաքական ղեկավարությանը սերտ առնչություն ունեցող, կամ գործադիր կառույցներին առնչվող անձինք, ապա այստեղ գործ ունենք լրջագույն վրիպումի կամ բացի հետ: Այո, այսպես ասած դասական իմաստով միշտ էլ հնարավոր է ասել՝ մեր գործն է, մեր պետությունը և այստեղ կառավարման կառույցի կամ մեծամասնության առնչվելը որևէ կերպ չի պարտավորեցնում ազատ կարծիքի կամ խոսքի սահմանափակում: Սակայն, ի վերջո չպետք է մոռանալ, թե ում հետ գործ ունենք, և հետևաբար չպետք է տալ առիթներ, եթե մեր ներուժը բավարար չէ «դասական պատասխանի» համար: Իսկ ներուժը բավարար չէ, անկասկած, մի շարք թե օբյեկտիվ և թե սուբյեկտիվ հանգամանքների բերումով: Ներուժի խնդիրը առավել քան սրվել է պատերազմի և դրա հետևանքի, ու նաև այսօր ուկրաինական պատերազմի և դրա աշխարհաքաղաքական հետևանքի պատճառով:
Առկա իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարևոր է դարձել արտաքին քաղաքական ճկունությունը և թեկուզ հարաբերական, բայց որոշակի բալանսավորվածության ապահովումը Ուկրաինայում դե ֆակտո պատերազի մեջ գտնվող Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Այդ բալանսավորումը էապես անհրաժեշտ է Հայաստանին հենց նաև իր ազատ, բաց հասարակություն կառուցելու ճանապարհը ՌԴ մեծապետական հավակնության ռիսկերից հնարավորինս զերծ պահելու համար: Հետևաբար, Հայաստանի կառավարման համակարգի ցանկացած օղակում պահանջվում է զգուշություն և նրբանկատություն, ավելորդ կոնֆլիկտներ չառաջացնելու և սուր անկյուններ թույլ չտալու համար, որպեսզի Հայաստանի եղած ներուժը բավականացնի առանց այդ էլ առկա բարդ հարցերը լուծելու և կարևոր բալանսը անհրաժեշտ նվազագույնի վրա պահելու համար: Այդ իմաստով նաև թերևս հատկանշական է, որ Հայաստանի արտգործնախարարությունը զերծ է մնում խնդրի հետագա հանրային գեներացիայից, եթե անգամ գործ ունենք իրավիճակի հետ, երբ Ռուսաստանի բողոքը եղել է բացարձակ անհիմն: Երևանը նախընտրում է գնալ ավելորդ աղմուկ, հետևաբար նաև այդ աղմուկի վրա մանիպուլյատիվ խաղեր կառուցելու հնարավորություն չտալու տարբերակով, հատկապես, երբ այսօր լրջագույն հարցեր կան արտաքին քաղաքական և անվտանգության կարևորագույն ուղղություններում: Իհարկե սա ինքնին չի բացառելու թեմայի շուրջ նենգափոխումների և տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաների, և հանրային տարբեր շրջանակների՝ կամա, թե ակամա դրանց տրվելու ռիսկը: Ընդ որում, դա էլ կլինի թերևս որոշակի իրողությունների ինդիկատոր, թե հանրային խմբերի, թե ընդհուպ Ռուսաստանի պահվածքի ու մտադրությունների առնչությամբ: