Ինչու Հայաստանում աշխարհայացքային առումով մտածողություն չի փոխվում կամ փոխվում է աննշան, հաստ սառույցի տակ վախվորած լողացող ձկան պես:Որովհետև տասնամյակներով գրեթե բոլոր հարթակներում, լսարաններում ու դասարաններում տիրապետել են ֆատալիստական նարատիվներ, որ աշխարհի այլ կողմ չկա, հյուսիսից բացի, որ այլընտրանք չկա բացի Սիկտիվկար խոպան գնալուց.և ի վերջո, այլընտրանքի բացառումը մակրո մակարդակից իջավ նաև առօրեական որոշումների միկրո մակարդակի.իսկ ինչու մեր նորաթուխ անկախացած հասարակության մեջ տիրապետեցին այդ նարատիվները: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Զոհրաբ Գևորգյանի հետ:
Պատմաբանի խոսքով՝ միայն հասարակության մտածողության իմունիտետի միջոցով կարելի է խնդիրների դեմն առնել․ «Հիմա բացահայտ քարտ-բլանշի փուլ ենք մտել: Մեր հասարակության մեջ մի մեծ վտանգ կա, որ երբ կա հստակ մեսիջ, ասում է՝ այդպես չէ: Պետությունն ու անկախությունը չեն ձևակերպվել այնպես, որ մեր ինքնության մասն են: Հանրությունը չի տիրապետում պարզագույն նարատիվներին, հայկական միջավայրում միայն վտանգավոր նարատիվներ են: Այսօր մենք նման ենք արագ վազող կենդանու, որի հետևից գորշ գայլ է ընկել ու փորձում է հետ տանել»: