
Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի պատասխան խաղում վաղը Երևանի «Փյունիկը» Քիշնևի «Զիմբրու» մարզադաշտում կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած առաջին մրցավեճն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Մրցավայր մեկնելուց առաջ երևանյան թիմը նախօրեին Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակներում հյուրընկալեց Չարենցավանի «Վանին» և պարտվեց 0։1 հաշվով։ Այս մրցավեճին «Փյունիկը» ներկայացավ ոչ մարտական կազմով, բայց․․․։ Խաղից հետո Հայաստանի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ևս մեկ անգամ փաստեց, որ թիմում ծագել են կադրային լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, «Փյունիկը» չունի ռեզերվ զուգահեռաբար երկու մրցաշարում պայքարելու համար։ Թիմում կան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ։ Հիշեցնենք, որ անցյալ տարի նույն խնդիրը ծագել էր Երևանի «Ալաշկերտում»։
Վերջինս ձախողեց թե Հայաստանի առաջնության առաջին հատվածը, թե Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը։ Նշենք, որ «Շերիֆի» արգելքը հաղթահարելու պարագայում «Փյունիկը» կխաղա Եվրոպա լիգայի խմբային փուլում։ Պարտվելու դեպքում էլ մեր չեմպիոնը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ «Փյունիկին» անհրաժետ են հրատապ քայլեր ծանր իրավիճակից դուրս գալու համար։ Այս պահին մի կողմն դնելով խնդիրները խոսենք վաղը կայանալիք մրցավեճի մասին, որը կարող է դառնալ պատմական։ «Փյունիկին» ունի հնարավորություն դառնալու հայկական առաջին ակումը, որը ելույթ կունենա Եվրոպա լիգայի խմբային փուլում։ Հիշեցնենք, որ մեր թիմը պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից, որտեղ պայքարից դուրս էր թողել Ռումինիայի չեմպիոն «Շերիֆին»։ Երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը հաղթահարել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։ Եվ վերջապես Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» զիջեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» հայտնվելով Եվրոպա լիգայում։ Մոլդովայի չեմպիոնը ևս պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ երկու հանդիպումների արդյունքում 1։0 հաշվով առավելության է հասել Բոսնիայի չեմպիոն «Զրինսկիի» նկատմամբ։ Որակավորման երկրորդ փուլում «Շերիֆը» նույն հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Մարիբորին»։ Երրորդ փուլում մոլդավական ակումբը թե տանը և թե հյուրընկլավելիս 1։2 հաշվով պարտվել է Պլզենի «Վիկտորիային» և հայտնվել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։ «Փյունիկի» դեմ պատասխան խաղից առաջ «Շերիֆը» հերթական հաղթանակն է տարել Մոլդովայի առաջնությունում։ Մասնավորապես 4-րդ տուրում մեր մրցակիցը հյուրընկալվելիս խոշոր 3։0 հաշվով առավելության է հասել «Բելցիի» նկատմամբ։
«Շերիֆը» 4-րդ տուրից հետո 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Տիրասպոլի թիմն երկու միավոր կորցրել է Քիշնևի «Զիմբրուի» դեմ մրցավեճում հանդիպումն ավարտելով ոչ-ոքի 1։1։ Նշենք, որ հիմնադրվելով 1997 թվականին «Շերիֆն» արդեն 20 անգամ հռչակվել է Մոլդովայի չեմպիոն։ Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի «Շերիֆում» այս պահին վնասվածք ունեցող միանգամից 4 ֆուտբոլիստներ, որոնք չեն կարողանա մասնակցել վաղվա հանդիպումը։ Մասնավորապես, վաղը մոլդովական թիմին չեն կարողանա օգնել առաջատար ֆուտբոլիստներ թիմի ավագ, բոսնիացի կենտրոնական պաշտպան Ստեպան Ռադելիչը, ալբանացի կիսապաշտպան Ռեգի Լուշկյան, ինչպես նաև ինչպես նաև բրազիլացի վինգեր Պերնամբուկոն։ Նույն աղբյուրի համաձայն «Փյունիկում» վնասվածք ունի միայն եզրային կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։
Վերջինս շարք կվերադառնա միայն սեպտեմբերին։ Օրեր առաջ «Փյունիկը» պայմանագիր էր կնքել ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկի հետ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը 400 հազար եվրո։ Կարասյուկը հանդիսանում է «Փյունիկի» ամենաթանակ ֆուտբոլիստը։ Այս խաղացողը սակայն հայտավորված չէ վաղը կայանալիք խաղում։ Կարասյուկը «Վանի» դեմ մրցավեճում հայտավորված էր պահեստայինների շարքում և խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսում։ «Շերիֆ»-«Փյունիկ» հանդիպումը կսկվի Երևանի ժամանակով 21-ին և կցուցադրվի «Առաջին ալիքի» ուղիղ եթերում։