Գերմանիայի կառավարությունն արդեն մի քանի ամիս է՝ անտեսում է սպառազինության հետագա մատակարարումների վերաբերյալ Ուկրաինայի խնդրանքը: Վերջին տասը շաբաթվա ընթացքում ուկրաինացի դիվանագետները բազմիցս բարձրացրել են Գերմանիայի պաշտպանության նախարարությունում զենքի մատակարարումների հարցը, սակայն Պաշտպանության նախարարությունը, ինչպես և դաշնային կանցլերի գերատեսչությունը, ամենայն հավանականությամբ, համապատասխան հարցումները դարակներում են թողնում։ Այդ մասին հայտնել է Die Welt թերթը:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Die Welt-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նախարարությունը «բազմաթիվ մակարդակներում կապի մեջ է ուկրաինական կողմի հետ»՝ Ուկրաինային «ռուսական ագրեսորի դեմ պայքարում լավագույն աջակցություն տրամադրելու նպատակով», սակայն ոչ մի կոնկրետ մանրամաս չի հայտնել: