Թագավորական պինգվինին, որին հայտնաբերել էին Նոր Զելանդիայում, տուն են ուղարկել: Այս մասին հայտնում է Australian Associated Press գործակալությունը: Դեպի Անտարկտիդա ճանապարհը Հեփի Ֆիթ անունը ստացած պինգվինը կանցնի Երկիր մոլորակի ջրի և մթնոլորտի ուսումնասիրության ազգային համալսարանի «Տանգարոա» գիտահետազոտական նավով: Մինչև վերջերս պինգվինը գտնվում էր Վելինգթոնի գազանանոցում:
Անասնաբույժ Լիզա Արգիլան, որը օգնում էր խնամել պինգվինին, ասել է, որ Հեփի Ֆիթն ակնհայտորեն ձգտում է լքել գազանանոցը: Արգիլայի խոսքերով՝ պինգվինը սկսել է բացասաբար արձագանքել մարդկանց: Թռչունը չի սիրում, երբ նրան վերցնում են ձեռքերի վրա, որպեսզի դեղ տան,- ավելացրել է անասնաբույժը:
Ներկա պահին Հեփի Ֆիթը լիովին առողջ է և պատրաստ է ճանապարհորդության: Չորսօրյա ճանապարհը նա կանցնի հատուկ պատրաստված սառեցվող խցիկում:
Ճանապարհորդության ընթացքում նրան թարմ ձկով են կերակրելու: Ինչպես հայտնում են, Հեփի Ֆիթի մարմնի վրա հատուկ սարք է ամրացվել, որի օգնությամբ բոլոր երկրպագուները գազանանոցի կայքում կարող են դիտել նրա ճանապարհորդությունը:
Կիրակի օրը՝ օգոստոսի 28-ին, Հեփի Ֆիթի ուղևորության նախօրեին, Վելինգթոնի գազանանոցը կենդանուն հաջողություն մաղթելու համար հատուկ երեկույթ էր կազմակերպել, որին մասնակցել է ավելի քան 1700 մարդ: