
Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում վաղը Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալվի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»։ Հիշեցնենք, որ մեր թիմը պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից, որտեղ պայքարից դուրս էր թողել Ռումինիայի չեմպիոն «Շերիֆին»։ Երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը հաղթահարել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։ Եվ վերջապես Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» զիջեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» հայտնվելով Եվրոպա լիգայում։ Եվ այսպես, Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանը ներկայացուցիչ կունենա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։ 2019 թվականին «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11 մետրանոցներով զիջեց «Դյուդելանժին»։ Մեկ տարի անց նույն «Արարատ-Արմենիան» 2։1 հաշվով պարտվեց նույն «Ցրվենա Զվեզդային»։ Անցյալ տարի էլ Երևանի «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքում 1։0 հաշվով դիմակայությունը տանուլ տվեց Շոտլանդիայի չեմպիոն «Ռեյջերսին»։ Ի դեպ, անցյալ տարի «Ալաշկերտը» մրցել էր նաև «Շերիֆի» հետ։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը Երևանում 0։1 հաշվով պարտվելուց հետո, Մոլդովայում զիջել էր արդեն 3։1 հաշվով։ Նախորդ մրցաշրջանում «Շերիֆը» սենսացիա մատուցելով դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, որտեղ Մադրիդում հաղթել էր նաև մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալին»։ Ինչ է իրենից ներկայացնում «Շերիֆը» և ինչ հնարավորություններ ունի «Փյունիկը»։ Մոլդովայի չեմպիոնը ևս պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ երկու հանդիպումների արդյունքում 1։0 հաշվով առավելության է հասել Բոսնիայի չեմպիոն «Զրինսկիի» նկատմամբ։ Որակավորման երկրորդ փուլում «Շերիֆը» նույն հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Մարիբորին»։ Երրորդ փուլում մոլդավական ակումբը թե տանը և թե հյուրընկլավելիս 1։2 հաշվով պարտվել է Պլզենի «Վիկտորիային» և հայտնվել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։ Մոլդովայի ընթացիկ առաջնությունում «Շերիֆը» 3-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Տիրասպոլի թիմն երկու միավոր կորցրել է Քիշնևի «Զիմբրուի» դեմ մրցավեճում հանդիպումն ավարտելով ոչ-ոքի 1։1։ Նշենք, որ հիմնադրվելով 1997 թվականին «Շերիֆն» արդեն 20 անգամ հռչակվել է Մոլդովայի չեմպիոն։ Այս թիմում սակայն բավական քիչ են մոլդովացիները։ Ներկայիս «Շերիֆի» կազմում հայտավորված է ընդամենը երկու տեղացի ֆուտբոլիստ։ Խոսքը կիսապաշտպաններ Ադրիան Հատմանի և Սերաֆիմ Կոժոկարի մասին է։ Այս պահին թիմում հայտավորված 32 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 14 միլիոն եվրո։
Համեմատության համար նշենք, որ Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը մոտ 28 միլիոն եվրո է։ «Շերիֆում» ելույթ են ունենում տարբեր երկրների հավաքականների միանգամից 10 ֆուտբոլիստներ։ Մոլդովական թիմի ամենաթանկ ֆուտբոլիստը կամերունացի հարձակվող Մոմո Յանսանեն է, որի տրանսֆերային արժեքը 1․2 միլիոն եվրո է։ «Փյունիկի» ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը 6․34 միլիոն եվրո է։ «Շերիֆը» գլխավորում է 46-ամյա խորվաթ մասնագետ Ստեփան Թոմասը։ Նա փոխարինել է ուկրաինացի Յուրի Վերինդուբին։ Վերջինիս համարում են «Շերիֆի» անցյալ տարվա գրանցած պատմական հաջողության «դիրիժորը»։ Վերնիդուբը կամավոր մեկնել է Ուկրաինա և մասնակցում է պատերազմին։ Այս տարի Չեմպիոնների լիգայում գրանցած արդյունքը վկայում է, որ մոլդովական ակումբը որոշակի անկում է ապրել։ Նշենք, որ «Շերիֆը» եվրագավաթների խաղարկություններում բազմիցս է մրցել հայկական թիմերի հետ։ Մերոնց երբևէ չի հաջողվել հաղթահարել մոլդովական արգելքը։
Սթափ գնահատելով մեր հնարավորությունները կարծում ենք այնուամենայնիվ հնարավոր է հայկական ակումբային փուլում լուրջ հաջողություն գրանցելու։ «Փյունիկը» պետք է անի հնարավորինն ու անհնարինը 4-րդ փորձից մեծ մրցաշարի խմբային փուլում հայտնվելու համար։ Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ալաշկերտը» ելույթ ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում, որտեղ կարողացավ վաստակել ընդամենը մեկ միավոր։ Եվրոպա լիգան միանգամայն այլ հարթություն է։ Այս մրցաշարը իր նշանակությամբ երկրորդ է և զիջում է միայն Չեմպիոնների լիգային։