
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Պաշտպանը նշել է, որ վիրահատությունը տևել է մոտ 1ժամ 30 րոպե, վիրահատությունն ըստ բժիշկների անցել է բարեհաջող։
«Ներկայումս Աղվան Հովսեփյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեքսանյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ Աղվան Հովսեփյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի նաև մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը։
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել էր 2021 թվականի սեպտեմբերի 7-ին, այնուհետև նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Օգոստոսի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում էր կայացրել: Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: