Ավստրալիայում տղամարդը կրակ է բացել մայրաքաղաքի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է News.com.au պորտալը։
Կրակոցները տեղի են ունեցել այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14:30-ի սահմաններում՝ ուղևորների հաշվառման սրահում։ Նախնական տվյալներով՝ հարձակվողը կրակել է ատրճանակից։
Հաղորդվում է, որ իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են կասկածյալին։
«Հսկիչ տեսախցիկը ստուգվել է, և ներկայումս ենթադրվում է, որ այս միջադեպի միակ պատասխանատուն կալանավորվածն է»,- պարզաբանել են ոստիկանությունից։
Միջադեպից հետո բոլոր քաղաքացիները տարհանվել են օդանավակայանի շենքից։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Իշխանություններն ակնկալում են, որ օդանավակայանը կկարողանա սկսել աշխատանքը մի քանի ժամից, երբ իրավապահներն ավարտեն օդանավակայանի տերմինալի տարածքի ստուգումը։