Բանակը երիտասարդության դեմքն է․ իր մեջ ունի կրթական ու դաստիարակչական շերտ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՅԲ ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:
Փախչանյանի խոսքով՝ մեր բանակի սպայական կազմը հիմնականում չունի բարձր կրթական ցենզ․ «30 տարի Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ընդունելության միավորները եղել են շատ ցածր․ եկածները գրել ու կարդալ չեն իմացել: Զարգացած երկրներում՝ Իսրայել,ԱՄՆ․․․ մարդիկ, որ գալիս են բանակ, կրթված են, ունեցել են ծանր մանկություն, տեսել են մահվան դեմքը:Մոնթե Մելքոնյանի ռազմական ուսումնարան գալիս էին հիմնականում սոցիալապես անապահով երեխաներ: Ունենք իրավիճակ, երբ բանակ եկած երիտասարդը հայտնվում է մի միջավայրում, որտեղ չկա կրթական չափանիշ»:
Ըստ Փախչանյանի՝ բանակում ժամանակը լրացվում է անիմաստ գործողություններով․ «Դատարկությունը երիտասարդներին բարոյազրկում է: Բանակում պլացի վրա ժամերով քայլելը աբսուրդի ժանրից է, մենք 17-րդ դարում չենք: Հայաստանում կան զորամասեր, որտեղ կա աշխատանք զինվորների հետ, կա գաղափարախոսություն: Երբ բանակում երիտասարդների առջև դրվեն լուրջ կամային խնդիրներ, քրեական ենթամշակույթը կբնաջնջվի: Հայաստանի նման վտանգված երկրում ամբողջ բանակը պետք է լիներ հատուկ ստորաբաժանման»: