
Արցախի և Ադրբեջանի շփման գծում լարվածության հերթական բռնկումը՝ ադրբեջանական ագրեսիայից հետո, Հայաստանում օբյեկտիվորեն ստվերեց անցնող շաբաթվա թերևս միջազգային ամենաաղմկոտ և նշանակալից թեմաներից մեկը՝ գերլարված սպասումը Թայվանի առնչությամբ, ուր օգոստոսի 2-ին վայրէջք կատարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի օդանավը: Չնայած Չինաստանի կոշտ զգուշացումներին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեկօրյա այցով ժամանեց Թայվան: Չինաստանի կոշտ հռետորաբանությունը շարունակվեց Թայվանի շուրջ զորավարժությունների մեկնարկով, նաև կղզու հանդեպ պատժամիջոցների սահմանումով:
ԱՄՆ-ն հայտարարեց, թե Պեկինը չպետք է սրի իրավիճակը և ճգնաժամ առաջացնի, քանի որ Փելոսիի այցը «Մեկ Չինաստանի» սկզբունքի խախտում չէ: Պեկինը սակայն համաձայն չէ այդ դիտարկմանը: Ավելին, Չինաստանը հայտարարեց, որ լրջորեն կվերանայի Մեծ Յոթնյակի հետ հարաբերությունը, եթե Յոթնյակը շարունակի աջակցել Փելոսիի այցի հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքին: Չինաստանի արտգործնախարարը հայտարարեց նաև, թե Չինաստանը Ռուսաստանի հետ ապահովում է կարևոր աշխարհաքաղաքական բալանս, ինչը թերևս Պեկինի արձագանքն էր իր դիրքորոշման հանդեպ Ռուսաստանի միարժեք հավանությանը: Այդ ամենով հանդերձ, աշխարհը սպասում էր Չինաստանի շատ ավելի կոշտ, ընդհուպ Թայվանի հանդեպ ռազմական գործողության: Միևնույն ժամանակ, դա թերևս կնշանակեր նոր երկարատև ռազմական օջախ, որը իր բնույթով համարժեք կլիներ ամերիկա-չինական բախման՝ իհարկե ոչ ուղիղ: Իհարկե գուցե վաղաժամ է միարժեք ասել, թե Չինաստանը «կուլ» է տալու Փելոսիի այցը, բայց անկասկած է, որ Պեկինի վարքագիծն ու սպառնալիքների աստիճանը որոշակիորեն հեռու են համադրելի կամ համարժեք լինելուց: Թեև, այստեղ էլ ոչինչ միարժեք չէ և գուցե Պեկինն իրեն պահում է միանգամայն համարժեք, եթե դիտարկենք իրադրությունն ավելի երկարաժամկետ կտրվածքով:
Անկասկած է, որ Թայվան «օպերացիան» խթանելու է թերևս նոր գործընթացներ, թե կղզու շուրջ՝ դրա կարգավիճակի համատեքստում, թե միջազգային հարաբերություններում, թե Չինաստանի ներիշխանական բուրգում, հատկապես նկատի ունենալով այն, որ այդ բուրգը կանգնած է նախագահի ընտրության հարցի առաջ: Նախագահ Սի Ցզինպինը, որ տարիներ առաջ առանց այդ էլ սահմանադրորերն երկարաձգեց նախագահական ժամկետը՝ 5-ի փոխարեն դարձնելով այն տասը տարի, այժմ մտորում է ավելի երկար նախագահելու մասին:
Կասկած չկա, որ չինական բուրգում բոլորը չէ, որ դրական են տրամադրված այդ հեռանկարի համար և բացառված չէ, որ Թայվանի «միջադեպի» հանդեպ վարքագիծը առաջացնի խմորումներ, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն ներչինական այդ խնդրի վրա: Միաժամանակ, Չինաստանը չգնալով կտրուկ և արմատական քայլերի, փաստացի չստեղծելով գլոբալ պատերազմի նոր լոկալ օջախ՝ համենայն դեպս առայժմ , հրաժարվելով այսպես ասած խաղալ «առաջին համարով», հարվածի տակ չդրեց թե չինական, թե համաշխարհային տնտեսության համակարգը: Ինչն անշուշտ դրական հանգամանք է գործնականում բոլոր երկրների համար, թեև կարող էին իհարկե լինել ամերիկա-չինական թեկուզ անուղղակի բախման շահառուներ, և դրանց շարքում կարող էին լինել ոչ միայն Ռուսաստանն ու Իրանը՝ օրինակ, այլ որոշ այլ երկրներ էլ, թե Եվրոպայից, թե Մերձավոր Արևելքից: Երկու խոշորների պրոքսի բախումը կարող էր ազատ տարածություն ստեղծել շատերի համար:Միևնույն ժամանակ, թայվանյան հարցը կարող է իր ազդեցությունն ունենալ ներամերիկյան քաղաքական իրողությունների վրա: Չինական սպառնալիքների ներքո «հանուն դեմոկրատիայի պաշտպանության» Թայվանում վայրէջք կատարող խիզախ կին Փելոսին կարող է դառնալ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատական կուսակցության կարևոր հաղթաթուղթ, առանց այդ էլ տպավորիչ խաղաքարտերի բացակայության պայմաններում: Այդ առումով կարող է հարց առաջանալ, թե ի՞ննչ կստանա Պեկինը՝ ուղղակի, թե անուղղակի, Փելոսիի խիզախ կերպարի հարցում իր ներդրումն ունենալու պարագայում: