
Օգոստոսի 5-ին Սոչիում տեղի կունենա Պուտին-Էրդողան առանձնազրույցը: Կրեմլը ազդարարել է, ոոր դրա ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական հարաբերության խորացմանն առնչվող հարցեր: Չի բացառվել նաև միջազգային օրակարգի կարևոր խնդիրներին անդրադարձը: Իհարկե կասկած չկա, որ օրակարգում կլինեն Ուկրաինան ու Սիրիան, և մեծ հավանականությամբ՝ նաև արցախյան վերջին լարվածությունը: Ընդ որում, լարվածության այդ բռնկումը թերևս կարող է դիտարկվել նաև Պուտինի և Էրդողանի սպասվող հանդիպման համատեքստում, հաշվի առնելով և այն, որ այդ հանդիպմանը կարող է «առկա լինել հայ-թուրքական կարգավորման հեռանկարը, մասնավորապես երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման շուրջ աշխատելու այն պայմանավորվածությունը, որի մասին հայտարարվեց հուլիսի 1-ին Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից հետո:
Բանն այն է, որ այդ հարցը միանգամայն «համադրելի» է ռուս-թուրքական տնտեսական հարաբերության փաթեթի հետ, որը հատկապես Մոսկվայի համար ձեռք է բերել կենսական նշանակություն, հաշվի առնելով ուկրաինական պատերազմը, դրան հաջորդած արևմտյան պատժամիջոցներն ու նաև լոգիստիկ ճգնաժամը: Իսկ ռուս-թուրքական այդ հարցերի համատեքստում հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ առաջընթացի հանգամանքը բնականաբար մտահոգիչ է Ադրբեջանի համար և այդ իմաստով թերևս ավելորդ չէ շոշափել վարկած, որ Բաքուն ռազմա-քաղաքական սրացման գնում է Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ իր մասին «հիշեցնելու» և այդ կերպ հայ-թուրքական կարգավորման գործնական առաջընթաց թույլ չտալու համար:
Բանն այն է, Բաքվի համար խնդիր է, որ Անկարան ու Մոսկվան կարող են պայմանավորվել և ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման հարցում առնվազն միջանկյալ համաձայնության գալ առանց Բաքվի «միջանցքային» ակնկալիքի: Թեև այսպիսի հավանականությունը Հայաստանից դիտվում է գրեթե զրոյական, բայց չարժե մոռանալ, որ հուլիսի 19-ին բանակցության մեջ էին Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան, որտեղ ոչ միայն չկար Ադրբեջան, այլ նաև Մոսկվայի ու Անկարայի առաջ բավականին հստակ կար Իրանի մեսիջը՝ հայ-իրանական սահմանի արգելափակման կամ փակման անթույլատրելիության մասին: Դրանից բացի, Ադրբեջանի համար իհարկե խիստ մտահոգիչ է «նախադեպի» ստեղծան ռիսկը, երբ հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ կարող է ինչ որ բան առաջ շարժվել «անտեսելով» կամ «մոռանալով» իրեն: Բաքուն թերևս ունի մտավախություն, որ դա կարող է դառնալ «մեխանիզմ»՝ երբ Ադրբեջանին աստիճանաբար կթողնեն այդ տիրույթից դուրս: Բաքվի համար դա էական խնդիր է, որովհետև հայ-թուրքական գործընթացի վրա ազդեցությունն Ադրբեջանի համար ռեգիոնալ քաղաքական կշռի առանցքային բաղադրիչ է, որի կորուստը Ադրբեջանի համար բերելու է քաղաքական քաշի շոշափելի նվազման: