
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
-Պարոն Գրիգորյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որի ընթացքում հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:Այս հայտարարությանն արդեն իսկ արձագանքել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ Բաքվի պահանջը լեգիտիմ չէ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս պրոցեսների շուրջ։
–2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ այդ ճանապարհի երթուղին պետք է կառուցվի կամ պլանավորվի 3 տարվա ընթացքում։ Ինչպես գիտենք՝ հայտարարությունից մինչ հիմա նույնիսկ երկու տարի էլ չի անցել։ Այդ առումով՝ ԱԽ քարտուղարի խոսքերը համապատասխանում են իրականությանը՝ առ այն, որ Ադրբեջանի պահանջը ոչ լեգիտիմ է։ Այլ հարց է, որ եթե նույն ԱԽ քարտուղարը նշում է, որ Հայաստանի հետ երթուղու պլանավորման քննարկումներ չեն եղել, ապա ինչու՞ էին նրանք ամիսներ առաջ արդեն հայտարարում, որ կա այլընտրանքային երթուղի և որ որոշ ժամանակ անց Բերձորից ու Աղավնոյից հայկական կողմը պետք է դուրս գա։ Այդ առումով երկու հայտարարությունների միջև հակասություն կա։
-Բաքվի այդ քայլերն ի՞նչ նպատակ ունեն ըստ Ձեզ։
-Բաքվի նպատակները պարզ են՝ ուժային ճնշման միջոցով հերթական անգամ հասնել մի շարք նպատակների իրականացմանը։
-Այդ նպատակների մեջ մտնո՞ւմ է Արցախից զորքերի ամբողջական դուրսբերումը։
-Այո՛, զորքերի դուրսբերումը ևս այդ նպատակների մեջ է մտնում։ Ադրբեջանը հայկական զորքեր ասելով պատկերացնում է նաև Պաշտպանության բանակը։ Այս փուլում, ըստ իս, դրված է նաև Արցախից ծանր տեխնիկայի դուրսբերման պահանջ։ Կարծում եմ նաև ճնշում է գործադրվում խաղաղության պայամանգրի օրակարգում, որպեսզի Հայաստանն ավելի հակված լինի ճնշումների գնալ։
-Ռուսաստանին ձեռնտո՞ւ է հայկական զորքերի դուրսբերումը։
-Զորքերի դուրսբերումը՝ ոչ, բայց ծանր տեխնիկայի դուրսբերման հարցով կարծես թե Ռուսաստանը համակարծիք է Ադրբեջանի հետ։
-Ինչո՞ւ:
-Դժվար է ասել, Ադրբեջանի հետ հարաբերություններն այժմ բավականին սերտացել են։ Ադրբեջանի համար ավելի հեշտ է պահանջներ դնել ու ստանալ։
-Կարծում եք այս գործողություններն ուղղվա՞ծ չեն նաև Ռուսաստանի ու ռուս խաղաղապահների դեմ։
-Չեմ կարծում, որովհետև ինչպես արդեն նշեցի՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև մեղրամսի փուլ է նկատվում։ Ավելի ճիշտ կլինի խոսել այն մասին, որ Ադրբեջանի դերն ու նշանակությունն այնքան է մեծացել Ռուսաստանի համար, որ Բաքուն իրեն ավելի ինքնավստահ է զգում ու ավելի է հակված գործողությունների դիմել՝ հասկանալով, որ ռուսներից լուրջ արձագանք չի լինի։