Հնդկաստանում ընթացող շախմատային օլիմպիադային 5-րդ տուրում այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Անգլիայի հետ։ Առաջին խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով կխաղա Մայքլ Ադամսի հետ, իսկ երկրորդ խաղատախտակի վրա Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի Լյու Մաքշեյնը։ Հայ գրոսմայսրետ կխաղա սպիտակ խաղաքարերով։ Երրորդ խաղատախտակի վրա Սամվե-Տեր Սահակյանը կմրցի Դևիդ Հոուելի հետ, իսկ չորրորդ խաղատախտակի վրա Ռոբերտ Հովհաննիսյանը՝ սպիտակներով կպայքարի Գաուեյն Ջոնսի հետ։
Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած հավաքականը տոնել է 4 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի և Ավստրիայի ընտրանիների նկատմամբ: Այս պահին Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ է մրցաշարային աղյուսակում։ Մասնավորապես, 4-րդ տուրից հետո բացի Հայաստանից 100 տոկոսանոց արդյունք ցույց են տվել ևս 4 հավաքականներ՝ Հնդկաստան-2-ը, Իսրայելը Անգլիան և Իսպանիան։ Լրացուցիչ ցուցանիշերով առաջին հորիզոնականում է Հնդկաստանի երկրորդ հավաքականը։ Այսօր անգլիացիներին հաղթելու դեպքում մեր ազգային թիմը ամենայն հավանականությամբ կգլխավորի մրցաշարային աղյուսակը։ Նշենք սակայն, որ նման զորեղ մրցակցի դեմ նույնիսկ ոչ-ոքի արդյունքը գոհացնող կլինի։ Նշենք, որ սա առաջին օլիմպիդակն է, որին Հայաստանի ազգային թիմը մասնակցում է առանց Լևոն Արոնյանի։ Վերջինս անցյալ տարվա դեկտեմբերից պաշտոնապես ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո։ Ընթացիկ օլիմպիադայում Արոնյանը խաղում է ԱՄՆ-ի ազգային թիմի երկրորդ խաղատախտակի վրա։ Մեկնարկային 4 հանդիպումներից Արոնյանը մասնակցել է 3-ին տանելով մեկ հաղթանակ և երկու պարտիա ավարտելով ոչ-ոքի։
4-րդ տուրից հետո ԱՄՆ-ի հավաքականը 7 միավորով 11-րդ հորիզոնականում է։ Այսօր ԱՄՆ-ի հավաքականը մրցելու է Իսրայելի հետ։ Հաղթանակի դեպքում ամերիկացիները կհանգրվանեն լավագույն հնգյակում։ Այս պահին հավանականությունը մեծ է, որ առաջիկա տուրերում Հայաստանի և ԱՄՆ-ի հավաքականները կհանդիպեն։ Այս պահին սակայն մեր նպատակը Անգլիային հաղթելն է։ Մեկնարկային 4 տուրերում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ցույց է տվել փայլուն արդյունք։ Այնուամենայնիվ, պետք չէ ժամանակից առաջ ընկնել և ոգևովորվել ներկայիս արդյունքով։ Ինչևէ, անդրադառնանք նաև Հայաստանի կանանց հավաքականի մրցելույթին։ 4-րդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցեց Իռլանդիայի ընտրանուն դեմ և բացարձակ հաղթանակ տոնեց` 4:0: Հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Մինչ այս ազգային թիմը երկու հաղթանակ էր տոնել (Բոտսվանա և Նորվեգիա) և զիջել էր Էստոնիային: Այսօր մեր հավաքականի մրցակիցը կլինի Ինդոնեզիան։ Այս պահեին Հայաստանի կանանց հավաքականը 6 միավորով 13-րդն է և ունի բոլոր հնարավորությունները պաքարելու մրցանակային տեղերի համար։ Կանանց պայքարում 4-րդ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ցույց են տվել միանգամից 8 հավաքականներ։
Լրցուցիչ ցուցանիշներով այս պահին առաջին հորիզոնականում է Ադրբեջանի ընտրանին։ Այսօր Ինդոնեզիային հաղթելու դեպքում Հայաստանի կանանց հավաքականը կհայտնի լավագույն տասնյակում։ Ինչևէ, շախմատային օլիմպիադային զուգահեռ երեկ ՖԻԴԵ-ն հրապարակել է օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակը: Դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են` Գաբրիել Սարգսյանը (40-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (82-րդ տեղ) և Շանթ Սարգսյանը (90-րդ տեղ): Դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է: ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը 6-րդն է:Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 30-րդն է, Աննա Սարգսյանը`74-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 95-րդը: