
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Արմեն Քթոյանը
-Պարոն Քթոյան, ՊԵԿ-ը հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Ի՞նչ նորություն կա ցանկում։
–Ընդհանուր առմամբ՝ այս տարվա ցանկը որակապես տարբերվում է նախորդ տարիների համեմատությամբ, և աճի, և կառուցվածքի առումով, այսինքն՝ որակական բարելավում կա։ Հիմա չենք կարող խորանալ՝ այդ որակական բարելավումը ինչ պատճառներով է, համենայնդեպս նախորդ ժամանակահատվածների համեմատությամբ էական տարբերություններ կան։ Օրինակ՝ հազար հարկատուները 722 միլիարդի հարկ են վճարել, ինչը մեկ երրորդով ավելի է նախորդ տարվա արդյունքից։ Եթե փորձենք դիտարկել առաջին տասնյակը, 216 միլիարդ վճարում ունի, որը 90 միլիարդով տարբերվում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերից։
Իհարկե, այստեղ Զանգեզուրի կոմբինատի դերակատարումը կա։ Եթե դիտարկենք վերջին հարյուրակը, այն ևս ավելացրել է հարկային վճարումները։ Վերջին հարյուրակում ընդգրկված հարկատուներն անցյալ տարվա առաջին վեց ամիսներին վճարել են մոտ 10 միլիարդ, իսկ այս տարվա վեց ամիսների արդյունքներով՝ 25 տոկոսով ավելի շատ հարկ՝ 12,6 միլիարդ։ Այսինքն՝ այնպես չէ, որ միայն խոշորների պարագայում է այդ աճը։ Հետաքրքիր թիվ կա մեկ միլիարդից ավելի վճարումներ կատարած հարկատուների թիվը, ցանկում կա 114 հարկատու, որոնց վճարած հարկերի ընդհանուր մեծությունը գերազանցում է մեկ միլիարդ դրամը։ Անցյալ տարի կար այդպիսի 103 այդպիսի հարկատու, 20-ին 91 այդպիսի հարկատու կար, այսինքն՝ այս մասով ևս ավելացում կա։ Եթե ավելի հետ գնայինք, 2017-2018թթ. ցանկում 400-ից ավելի հարկատուներ կային 1000 խոշոր հարկատուներ կային, որոնք վեց ամսիներին վճարել էին ավելի քիչ հարկ, քան 100 միլիոն դրամը։ Այս տարի ցանկում չկա հարկատու, որի վճարած հարկերը պակաս են 100 միլիոնից։ Անցյալ տարի 1000 հարկատուների ցանկում 60 հարկատու, որոնց հարկերը ավելի պակաս էին, քան 100 միլիոնը, այսինքն՝ կարելիէ ասել, որ փոքր հարկատուները տարեցտարի ցանկում ավելի քիչ են ներառվում։
Եթե դիտարկենք, ապա ավելացել է շահութահարկի վճարումը։ Օրինակ՝ ցանկում կա 220 ընկերություն, որոնք վճարել են 100 միլիոն դրամից ավելի շահութահարկ, անցյալ տարի 180 այդպիսի ընկերություն կար, այսինքն՝ այս տարի 40-ով ավելի շատ ընկերություն կա, որոնց վճարած շահութահարկի մեծությունը գերազանցում է 100 միլիոն դրամը։
Եկամտային հարկի մասով մենք 260 ընկերություն ունենք, որոնց վճարած եկամտային հարկը գերազանցում է 100 միլիոն դրամը, այն դեպքում, երբ անցած տարի 220 այդպիսի ընկերություն կար: Կարևոր է շեշտել, որ ես չեմ դիտարկում պետական կառավարչական հիմնարկներին, որոնք եկամտային հարկի մասով մեծ վճարումներ ունեին, ինչը թույլ էր տալիս, որ իրենք վերջին տարիներին ևս ներգրավվեն այդ ցանկում: Օրինակ ՊՆ աշխատակազմը պարտադիր ներկա է եղել առաջին 5-յակում: Հիմա պետական հիմնարկները այց ցանկում ներառված չեն:
Տեսակետ կա, որ նախկին խոշոր ընկերություններից մի քանիսը ցանկում այլևս չկան, սակայն շրունակում են գործել և ընդլայնվել: Դուք գիտե՞ք այդպիսի խոշոր ընկերություններ, որոնք ցանկում չեն ներառված:
Ցանկից դուրս մնացածների մասով ոչինչ չեմ կարող ասել, սակայն այդ ցանկում առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ընկերություններից, օրինակ, «Գազպրոմ Արմենիան» 5 մլրդ դրամով ավելի շատ հարկ է վճարել, քան անցած տարի: «Գրանդ Տոբակոն 7 մլրդ դրամով ավելի շատ հարկ է վճարել: Նախորդ տարի մոտ 13 մլրդ է վճարել, այս տարի՝ 20 մլրդ դրամ: Ագարակի կոմբինատը անցած տարվա համեմատությամբ մոտ 4 անգամ ավելի է վճարել: Անցած տարի մոոտ 2 մլրդ դրամ է վճարել, այս տարի՝ 7,8 մլրդ դրամ: «Ֆլեշը» անցած տարի վճարել է 6,3 մլրդ, այս տարի՝ 7,6 մլրդ: Սիթին նույնպես 44 տոկոսով ավելի շատ հարկ է վճարել այս տարի: Անցած տարի վճարել է 3,8 մլրդ էր, այս տարի 5,4 մլրդ: «Մաքսօյլը» անցած տարի վճարել է 3,5 մլրդ, այս տարի՝ 5,2 մլրդ: «Սոֆթ քոնտրակտը» 57 տոկոսով ավելացրել է հարկային վճարումները: «Արդշինբանկը» անցած տարի վճարել է 1,9 մլրդ դրամ, այս տարի՝ 3,7 մլրդ: Այսպիսի օրինակները շատ են: Եթե մենք դիտարկենք օրինակ, այդ ցանկի առաջին 50 կամ 100 հարկատուներին, ապա նրանց 70-80 տոկոսի մոտ նախորդ տարվա համեմատ հարկերն ավելացել են: Իհարկե, 20 տոկոս հարկատուների պարագայում հարկերի նվազում է գրանցվել: Օրինակ, «Թեղուտը» հայտնի պատճառներով մոտ 1 մլրդ դրամ քիչ հարկ է վճարել: Անցած տարի վճարել է 9,8 մլրդ դրամ, այս տարի 8,9 մլրդ դրամ: «ՄՏՍ»-ը, «Ամերիաբանկը» որոշ նվազում ունեն: «Ինեկոբանկը» անցած տարի 3,4 մլրդ դրամ է վճարել, այս տարի 3 մլրդ: «CPS oil»-ը էական նվազեցում ունի. անցած տարի 6,8 մլրդ է վճարել, այս տարի 2,8: Այստեղ պետք է նկատի ունենալ, որ համապատասխան ոլորտներում մրցակցությունը որոշակիորեն ուժեղանում է, ի հայտ են գալիս նոր խաղացողներ և պակաս վճարած հարկերը կարծես իրենց կողմից է վճարվում: Որովհետև շուկա մուտք գործելով գործունեության մի հատվածը իրենք են վերցնում:
Հայտնի խոշոր գործարարների, ասենք, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի ընկերությունները ո՞ր չափով են ներառված ցանկում:
Օրինակ, «Արարատ ցեմենտը» հարկատուների ցանկում 37-րդն է, այս տարի վճարել է 2,8 մլրդ դրամի հարկ: Այն դեպքում, երբ անցած տարի վճարել էր ընդամենը 1,1 մլրդ դրամ: Այսինքն 2,6 անգամ ավելացրել է վճարած հարկերը: «Նատալի ֆարմը» 11 տոկոսով է ավելացրել հարկերի ծավալը և 43-րդն է: «Երևան Սիթին» արդեն ասացի, նա հարկատուների ցանկում 15-րդն է, վճարել է 5,4 մլրդ դրամի հարկ, անցած տարի 44 տոկոսով պակաս էր: Ալեքսանյանների ընտանիքի «Ալեքս հոլդինգը» 11-րդն է ցուցակում, այս տարի վճարել է 6,7 մլրդ դրամի հարկ, անցած տարի 4,1 մլրդ էր: «Ֆլեշը» 8-րդն է ցուցակում, 20 տոկոսով ավելացրել է հարկերը: «Ֆիլիպ Մորիս Արմենիան» անցած տարի 6 մլրդ էր վճարել, այս տարի՝ 7,5 մլրդ դրամ:
Ես չեմ բացառում, որ առանձին խոշոր գործարարների կամ օլիգարխների պատկանող ընկերություններ տարբեր պատճառներով անցած տարվա համեմատ պակաս հարկ վճարած լինեն, բայց որպեսզի մենք կարողանանք մեղադրանք հնչեցնել, որ իրենք հնարավորություն ունեն հարկերի վճարումից խուսափել, պետք է կոնկրետ իրավիճակը, կոնկրետ ընկերության մասին վերլուծվի: Համենայնդեպս, իմ հնչեցրած թվերը այլ բանի մասին են վկայում: