Ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների ու Հանրային կառավարման փորձագետ՝ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քանի որ ՄԱԿ-ի պաշտոնյայի՝ ցեղասպանության հուշարձան այցելության, դրա վերաբերյալ թվիթերյան գրառման ու գրառման հեռացման մասին վատ իրազեկված տեսակետներ են արտահայտվում, հարկ եմ համարում իմ գիշերային գրառմանն ավելացնել մի քանի մտքեր.
ՄԱԿ-ի որևէ փաստաթղթում հայկական ցեղասպանությունը կամ որևէ այլ ցեղասպանություն որպես այդպիսին ընդունված չէ։ Նախ և առաջ, այն տեղի է ունեցել ՄԱԿ-ի հիմնադրումից առաջ և ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումից առաջ։ Իրականում, ՄԱԿ-ի կողմից միանշանակ դիրքորոշում կա միայն այն ցեղասպանությունների հանդեպ, որոնց համար ՄԱԿ-ը հիմնադրել է համապատասխան տրիբունալ, այսինքն գործնականում՝ միայն Ռուանդայի։ ՄԱԿ-ի կողմից որևէ ցեղասպանության ընդունում նշանակում է անդամ բոլոր պետությունների կողմից միանշանակ դիրքորոշում այդ ցեղասպանության հանդեպ։ ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանը, որն իրավասու է որոշումներ ընդունել ցեղասպանությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, ստեղծվել է վերջերս, և մենք անգամ դրա կանոնադրությունը չենք վավերացրել, և եթե վավերացնեինք էլ, այն չի զբաղվում պատմական ցեղասպանություններով, այլ միայն ժամանակակից։
ՄԱԿ-ը մեծ բյուրոկրատական մեքենա է, և այնտեղ ամեն անզգույշ քայլը կարող է կարիերա արժենալ։ Այդ պաշտոնյան Մալդիվներից է, որը հայոց ցեղասպանությունն ընդունող երկրների թվին չի պատկանում, և նա ոչ թե ՄԱԿ-ի պաշտոնյա է, այլ իր երկրի պաշտոնյա, որը մի տարով նախագահում է ՄԱԿ-ի ԳԱ-ում։ Նրա այցելությունը հուշարձան դրական և ողջունելի քայլ է։ Այնպես որ, այդ մարդուն հանգիստ թողեք, աշխարհի ամենափոքր երկրներից մեկից առաջին անգամ մի ամիս առաջ ընտրվել է և չի կարող ՄԱԿ-ում հեղափոխություն անել։ Թուրքիայի դեստրուկտիվ հայտարարությունը նրա այցելության վերաբերյալ միջազգային ամենագլոբալ հարթակում Թուրքիայի օգտին չի խոսում, և բացասական նստվածք է թողնելու։ Թուրքիայի կողմից շանտաժի ենթարկվելը հերիք չէր տվյալ պաշտոնյանի համար, մի հատ էլ հայերի որոշ շրջանակների կողմից հարձակումների ենթարկվեց։ Դրական է, որ դա մեր պաշտոնական շրջանակները իրենց ճիշտ են պահել այս հարցում և դեստրուկտիվ աղմուկ չեն բարձրացրել։
Մեր խնդիրը ոչ թե ՄԱԿ-ի կամ Մալդիվների հետ է, այլ Թուրքիայի, և դրա պատճառով պետք չէ սաբոտաժ անել մեր արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի կողմից ավելորդ աղմուկն այս հարցի վերաբերյալ կչեզոքացներ մեր այն հանդիպումների արդյունքները, որոնց ընթացքում խոսեցինք Արցախի և Հայաստանի անվտանգային կարևորագույն արդիական խնդիրների մասին։ Ուզում եք այնպես անել, որ միջազգային պաշտոնյաները վախենա՞ն Հայաստան այցելել։