Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Ստամբուլում քննարկել են Արցախի հարցը: Ոչ միայն Արցախի, իհարկե, նրանք քննարկել են երկկողմ հարցեր, բազմակողմ ձևաչափեր, ինչպես նաև «Ուկրաինան ու Ղարաբաղը», ինչպես հայտարարել է Չավուշօղլուն: Մասնավորապես, արցախյան թեմայի քննարկումը դիտարկվել է օրեր առաջ Վրաստանում տեղի ունեցած հանդիպման համատեքստում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Ընդ որում, ուշադրության է արժանի Չավուշօղլուի ձևակերպումը: Նա խոսում է ոչ թե «հայ-ադրբեջանական» հակամարտությունը, այլ «Ղարաբաղը» քննարկելու մասին: Իսկ ի՞նչ կա քննարկելու, եթե «կրտսեր եղբայր» Իլհամ Ալիևը ամենուր և անընդհատ հայտարարում է, որ չկա ղարաբաղյան հարց՝ այն լուծել է: Ուրեմն, ի՞նչ Ղարաբաղ, եթե նույնիսկ Չավուշօղլուն չի օգտագործում Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը և խոսում միայն «Ղարաբաղը» քննարկելու մասին: Ի վերջո, բոլորը, այդ թվում իհարկե Չավուշօղլուն էլ, Ալիևն էլ հասկանում են, որ խնդիրը լոկ տերմինաբանությունը չէ և կան ձևակերպումներ, որոնք ունեն քաղաքական տողատակեր և Ղարաբաղ ձևակերպումը հենց այդպիսին է: Հարց է առաջանում, թե ինչու՞ պետք է Անկարան օգտագործի ձևակերպումներ, որոնք կարող են այդքան էլ դուր չգալ կրտսեր եղբորը: Ամբողջ հարցն այն է, որ Անկարային էլ դուր չեն գալիս մի քանի աթոռի վրա նստելու «կրտսեր եղբոր» ձգտումները, և գլխավորապես՝ Կովկասում գերակա լինելու հավակնությունները: Հատկանշական է, որ Չավուշօղլուն այդ հարցերը քննարկում է Վրաստանի արտգործնախարար Դարչիաշվիլու հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ:
Փորձագետի խոսքով՝ Թուրքիան բազմիցս ակնարկում է, որ Հայաստանը Արցախի հարցով քայլեր պետք է անի․ «Այսօր տարածաշրջանում հարցերը լուծում են Ռուսաստանն ու Թուրքիան, Իրանը մեծ հաշվով չի խառնվում: : Եթե ուզում ենք ստանալ արցախյան հիմնահարցի լուծում, այն չպետք է ներառի միջնորդներ»:
Ստեփանյանի կանխատեսմամբ՝ Արևմուտքը թակում է Հարավային Կովկասի դուռը, բայց Մոսկվան կարող է խանգարել․ «Ռուսաստանը Արևմուտքին հակազդելու համար կարող է նույնիսկ այստեղ պատերազմ հրահրել: Հայաստանը պետք է Հարավային Կովկասում Արևմուտքի առջև դուռը բացի»: