
Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»։
Հայկական թիմը հաղթեց 4։1 հաշվով՝ ապահովելով դիմակայության ընդհանուր 4։2 հաշվով հաղթանակը։
Հայաստանի չեմպիոնը առաջինը գոլ բաց թողեց. 21-րդ րոպեին Հասանը բացել է հաշիվը։
«Փյունիկը» մնացած խաղաժամանակը պարզապես ֆանտաստիկ անցկացրեց. նախ, ընդամենը 3 րոպե անց հայկական թիմը հավասարեցրեց հաշիվը. գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Ժունինյոն։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց Յուրիչիչն օգտվեց մրցակցի պաշտպանների սխալից՝ դառնալով գոլի հեղինակ։
76-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն հիանալի իրացրեց իր հնարավորությունը՝ նպաստավոր դիրքից գնդակն ուղարկելով «Դյուդելանժի» դարպասը։ Սակայն սա դեռ ամենը չէր. հիմնական ժամանակի ավարտից 5 րոպխե առաջ Յուրիչիչը դուբլ ձևակերպեց և ամրագրեց «Փյունիկի» ջախջախիչ հաղթանակը՝ 4։1։
Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը։ Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկի» մրցակիցը սերբական «Ցրվենա Զվեզդան» է։