Մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի անվան տարրը գրանցվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում: «Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարեց նոր տարր, որն արդեն պաշտոնապես անվանվեց Դավթյան: Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն՝ Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ)»,- ասված է հաղորդագրության մեջ: Տեղի ունեցածն իսկապես պատմական հաջողություն կարել է որակել։ Ընդամենը մեկ ամիս առաջ հայկական մարմնամարզության պատմության մեջ գրանցել էր աննախադեպ հաջողություն։ ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ էին դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ): Մեր տղաները, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը: Հիշեցնենք, որ փուլերից վերջինը տեղի էր ունեցել Բաքվում, որին մեր հավաքականը հասկանալի պատճառով չէր մասնակցել։
Մասնակցության պարագայում մերոնց արդյունքները անհավանական բարձր կլինեին։ Ի դեպ, մեր մարզիկների մեդալներն ու մրցանակները Բաքվից գնացքով ուղարկվել էին Երևան։ Փուլերից մեկը բաց թողնելով աշխարհի բարցարձակ գավաթակիր դառնալն ընդունենք, որ ֆանտաստիկ արդյունք է։ Ավելի վաղ Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերի ավարտից հետո մարզաձևի միջազգային ֆեդերացիան ամփոփել էր արդյունքները:Հենացատկում Արթուր Դավթյանը վաստակել էր 90 միավոր և ամբողջ տասը նիշով ետ է թողել իրեն հետապնդող ուկրաինացի Նազար Չեպուրնիինը։ Օղակներում 85 միավորով անգերազանցելի է դարձել Վահագն Դավթյանը: Երկրորդ տեղը գրաված թուրք Իբրահիմ Չոլակը վաստակել է ընդամենը 80 միավոր։ Նույն վարժությունում երրորդն է մեր մեկ այլ շնորհալի մարզիկ, տակավին երիտասարդ Արթուր Ավետիսյանը: Հիշեցնենք նաև, որ առաջատարներից Հարություն Մերդինյանը ընդամենը երկու փուլի էր մասնակցել, արժանացել էր մեդալների, բայց միավորները, բնականաբար, չէին բավարարել ընդհանուր հաշվարկով մրցանակակիր դառնալու համար։ «Առաջին անգամն է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում պետք է միավորներ հավաքեինք, որը մեզ հնարավորություն կտար մասնակցել աշխարհի առաջնությանը: Աշխարհի գավաթի խաղարկությունը շատ հաջող ստացվեց ամբողջ թիմի համար: Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն արդեն իսկ հավաքել են պահանջված միավորները: Մեր առաջնային խնդիրն աշխարհի առաջնության համար առաջացած խնդիրը լուծելն էր։ Օլիմպիական այս շրջանը լինելու է Արթուր Դավթյանինը: Նա հաջորդ մրցաշարերում ամենալավ արդյունքն է գրանցելու: Դավթյանը հրաշալի է տիրապետում ցատկերին»,- Դոհայում տեղի ունեցած մրցաշարից հետո ասել էր մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Արդեն իսկ գրանցված արդյունքներն իր հերթին ավելի քան խոսուն են։Անցյալ տարի Տոկիոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը պատմական հաջողության էր հասել նվաճելով բրոնզե մեդալ։Սա անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական մեդալն էր մարմնամարզությունում։ Տոկիոյից հետո Դավթյանի արդյունքները ցույց են տալիս, որ մեր մարզիկը նպատակ է դրել զարգացնել հաջողությունը։ Ի դեպ օրեր առաջ Արթուր Դավթյանը ևս մեկ լուրջ հաջողություն է գրանցել։ Մեր մարմնամարզիկը հանդիսանում է նաև Ֆրանսիայի չեմպիոն։
Նա առաջին անգամ Ֆրանսիայի ակումբային առաջնության հաղթող է դարձել այդ երկրի «Լա Սոտվիլ» թիմի կազմում։ Եզրափակիչ մրցավեճում «Լա Սոտվիլն» առավելության է հասել Ֆրանսիայի վերջին հինգ տարիների անփոփոխ չեմպիոն «Անտիբուա» ակումբի նկատմամբ։Վերջին անգամ «Լա Սոտվիլը» չեմպիոն էր դարձել 2004 թվականին, որին հաջորդած տարիներին նվաճել էր 3 արծաթե ու 5 բրոնզե մեդալ։