Ադրբեջանում ՌԴ դեսպան Բոչարնիկովը այցելել է Շուշի: Այդ մասին հայտնել է Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը: Ըստ ամենայնի, ՌԴ դեսպանի այցը տեղի է ունեցել Ադրբեջանի օկուպացիայի ներքո հայտնված Շուշիում անցկացվող այսպես կոչված «Վագիֆի օրերի» շրջանակում, որ Բաքուն անցկացնում է օկուպացիայից հետո և որի մասին հայտնել էր նաև Մեհրիբան Ալիևան: Որքան էլ ՌԴ դեսպանի այցը օկուպացված Շուշի ունենար այսպես ասած մշակութային առիթ, անկասկած է, որ այն ստանում է քաղաքական համատեքստ և նստվածք, հաշվի առնելով մի պարզ իրողություն: Շուշին Ադրբեջանի օկուպացիայի ներքո է հայտնվել 44-օրյա պատերազմից հետո: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանի այցը օկուպացված Շուշի հարցեր պետք է առաջացնի Երևանում ու Ստեփանակերտում․ «Մոսկվան պայմանավորվածություն է խախտում․ օկուպացված Շուշի այցից արդեն ակնհայտ է շատ բան: Արդեն ակնհայտ է, որ ռուսական կողմն է հրաժարվում ԼՂ ճակատագիրը քննարկելու առաջարկից»: