Ռուսական ավիաընկերությունները դեռ չեն վերադարձրել ավելի քան 400 ուղևորատար ինքնաթիռ: Ինչպես հուլիսի 13-ին հայտնել է ամերիկյան «The Washington Post» թերթը, 515 օդանավերից, որոնք լիզինգում էին գտնվում պատերազմից առաջ, սեփականատերերը կարողացել են հետ ստանալ միայն 80-ը:
Թերթի տեղեկություններով՝ վարձակալների մեծ մասը կարծում է, որ այլևս չեն կարողանա վերադարձնել իրենց ինքնաթիռները և ավիաշարժիչները, որոնք ռուսական ավիաընկերություններին վարձակալության էին հանձնվել: Ինչպես հայտնել է ճանապարհորդությունների ինդուստրիայի վերլուծաբանների գլոբալ մատակարար Cirium հոլդինգը՝ ռուսական ավիափոխադրողների կողմից ինքնաթիռները չվերադարձնելու համար ապահովագրական ընկերություններին ներկայացված պահանջների գումարը հասել է արդեն 10 մլրդ դոլարի: