Հայաստանում կառավարող մեծամասնության նախաձեռնությամբ քննարկվեց ներքին գործերի նախարարության ձևավորման, փաստացի՝ վերականգնման հարցը: Հարցն անշուշտ ունի երկու առանցքային բաղադրիչ՝ իրավական-կառավարչական, և քաղաքական: Անշուշտ բերվում են հիմնավորումներ, թե ներքին գործերի նախարարության ձևավորումը որքանով կբարձրացնի իրավապահ համակարգի կառավարման արդյունավետությունը, գործունեության էֆեկտը: Միևնույն ժամանակ, անկասկած է նաև քաղաքական էֆեկտի հանգամանքը, որ ունենալու է նախարարության ձևավորումը, այդ կերպ իրավապահ համակարգի կառավարումը օժտելով քաղաքական ֆորմալ բաղադրիչով: Մեծ հաշվով, այստեղ իհարկե նախարարության ձևավորումով ֆորմալացվում է այն, ինչը գործնականում գոյություն է ունեցել միշտ: Չնայած հանգամանքին, որ Հայաստանում ոստիկանությունը եղել է ապաքաղաքական կառավարման տրամաբանությամբ կառույց, այդուհանդերձ որևէ մեկի մոտ երբեք չի եղել կասկած, որ այն կառավարվել է քաղաքական տրամաբանությամբ և այլ կերպ թերևս լինել չէր էլ կարող:
Հետևաբար, թերևս առավել ճիշտ կլինի, եթե ներքին գործերի նախարարության ձևավորումով ամբողջապես հասցեագրված լինի այդ համակարգի գործունեության համար քաղաքական պատասխանատվությունը: Դրանից բացի, անշուշտ բավականին նկատելի է կառավարման համակարգի ուժային սեգմենտի առնչությամբ քաղաքական կառավարելիության աստիճանը բարձրացնելու ընդհանուր մտայնությունն ու մոտեցումը, ինչը թերևս թելադրվեց առավելապես հենց ընդդիմության դաշտից, որտեղ հատկապես պատերազմից հետո պարզապես ակնառու կերպով փորձ արվեց օգտագործել այդ սեգմենտի վրա ունեցած տարաբնույթ ազդեցությունը՝ ուժային կառույցները կամ դրանց առանձին բաղադրիչներ քաղաքական իշխանության դեմ պայքարի մեջ ներգրավելու համար: Իսկ այդ հանգամանքը հղի է ոչ միայն քաղաքական մեծամասնությանն ուղղված մարտահրավերով, այլ պետության կայունությանն ու պետական անվտագությանը, երբ իրավապահ կամ պաշտպանական համակարգի կառույցները կարող են դառնալ գործադիր իշխանության քաղաքական մրցակից կամ նույնիսկ հակառակորդ: Այդ՝ քաղաքական պատասխանատվության ամբողջական հասցեագրման առումով նախաձեռնությունը կարծես թե բխում է պետական կայունության տրամաբանությունից, իսկ ահա այն, թե կառուցվածքային վերափոխումը որքանով է նպաստելու գերատեսչական գործունեության ամբողջական որակական վերափոխման, սա իհարկե շարունակում է լինել Հայաստանի պետական կառավարման բաց հարցերից մեկը: Խոսքն այսպես ասած ոստիկանական ռեֆորմի մասին է, որի՝ ներկայումս առավել տեսանելի հատվածը պարեկային ոստիկանության ներդրումն է, ինչը սակայն բացարձակապես չի պարունակում համակարգի և հասարակության հարաբերության ամբողջական հասցեագրվածություն: Դրա վառ վկայությունն է ներկայումս զբոսաշրջային շրջանում անձնագրային բաժանմունքներում տեղի ունեցողը, ինչն այլ կերպ, քան պարզապես տարիներ շարունակվող ծաղր Հայաստանի հարկատուի հասցեին՝ դժվար է բնորոշել: