Վրաստանի նախկին վարչապետ, իշխող կուսակցության հիմնադիր և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հուլիսի 5-ին նամակ է ստացել շվեյցարական Credit Suisse բանկային խմբից, ըստ որի՝ օլիգարխի ֆինանսները սառեցվում են, և դրանց կառավարումը պետք է կարգավորվի դատարանով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Credit Suisse-ը սառեցրել է Իվանիշվիլիի պատկանող 2,7 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ հիմք ընդունելով, որ միջոցները կարող են ռուսական ծագում ունենալ։ Դրան նախորդել էր մարտին գործարքների սառեցումը՝ ինչը հանգեցրեց գործարարի ֆինանսական կորուստների։ Շվեյցարական բանկը այս որոշումը բացատրել է Արևելյան Եվրոպայում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակով, սակայն դիտորդները դա գնահատել են որպես ազդանշան Արևմուտքից։ Ավելի վաղ՝ հունիսին, Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու մասին: