
Վերջին շրջանում, ցավոք, շատացել են ինքնասպանության դեպքերն ու դրանց փորձերը: Գրեթե օր չկա, որ չլսենք դրանց մասին։ Երևույթն արդեն վերածվել է հասարակական լրջագույն վտանգի։ Ինքնասպան եղած մարդկանց մեջ մեծամասնություն են կազմում տղամարդիկ` միջինացված 80 տոկոս։
Առյուծի բաժինն ընկնում է 30-65 տարեկան տղամարդկանց խմբի մոտ։ Հոգեբանները, հոգեբույժները, ինքնասպանագետները և այլ մասնագետներ սրա համար առաջ են քաշում տարբեր պատճառներ` հասարակական, սոցիալական, տնտեսական, ընտանեկան, հուզական եւ այլն։ Սրանք ընդհանրական պատճառներ են։
Ազգային անվտանգության համար անհրաժեշտություն է դարձել հստակ հետազոտելու՝ ինքնասպանությունների քանի տոկոսի հիմքում են ընկած խաղամոլությունը և թմրանյութերը։ Հատկապես այս երկու ախտերը ահռելի չափերի են հասել։ Թվում է, թե պետական, սոցիալական, հասարակական որևէ մեխանիզմ այլևս չի գործում։ Համատարած խաղում են։ Կես ժամ կարելի է կանգնել ցանկացած վճարային տերմինալի մոտ ու տեսնել, թե տարասեռ ու տարատարիք քանի մարդ է բուքմեյքերական հաշիվներ լիցքավորում։ Ցավոք, ամեն չորրորդ դեռահաս աղջիկ կարող է հանգիստ պատմել տարատեսակ թմրամիջոցների, կիրառելի ձեւերի ու թելեգրամյան ալիքների մասին։
Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը խոսել է հոգեբան Թամարա Սիմոնյանի հետ, որի նշմամբ՝ ինքնասպանությունը ինչ-որ առումով հոգու օգնության ճիչ է, երբ հոգեկան ցավն այնքան ուժեղ է, որ թվում է ՝ փրկվելու հնարավորություն չկա։ Կլինիկական սուիցիդոլոգները մի հայտնի միտք ունեն՝ եթե մարդուն տանք խնդրի թեկուզ աննշան լուծման հնարավորություն, մարդը կընտրի կյանքը։ Ինքնասպանության պատճառներն ու դրդապատճառները բազմաթիվ են և բազմակողմանի։ Հետազատությունները ցույց են տալիս, որ հիմնական չորս պատճառները որպես այդպիսին 4-ն են՝ մեկուսացում (զգացողություն, որ ոչ ոք չի մտածում քո մասին, ոչ ոք չի հասկանում քեզ), անօգնականություն (ասես որ դու չես կարող կառավարել քո կյանքում տեղի ուենցող իրադարձությունները), հուսահատություն, սեփական անձի անկարեւորության զգացում (ցածր ինքնագնահատական, մեղքի զգացում և այլն):
Ինքնասպանությունը երբեք չի կարող ելք լինել բարդ իրավիճակից, թեկուզ միայն այն պատճառով, որ միշտ կան մի քանի հնարավոր տարբերակներ, թե ինչպես կարելի է խնդիրը լուծել, անգամ եթե այդ պահին մենք չենք տեսնում լուծումը: Նույնիսկ, եթե մենք խոսում ենք կորստի մասին, օրինակ՝ մտերիմ կամ հարազատ մարդու, առանց որի կյանքը հնարավոր չէ, պիտի կարողանանք մի պահ ինքներս մեզ հետ անկեղծ լինել՝ ինչ հոգեվիճակում մեզ կցանկանար տեսնել այդ մարդը։ Կան որոշակի դեպքեր, երբ հնարավոր է հասկանալ, որ դիմացինը ունի մտքեր ինքնասպանության մասին մտքեր, օրինակ՝ հաճախակի քննարկումներ ինքնասպանության հնարավորության մասին կամ մտքեր կյանքի անիմաստության մասին։ Նման իրավիճակներում պետք է փորձել ձեր սիրելիին/ծանոթին/հարազատին ցույց տալ, որ դուք իր կողքին եք, պատրաստ եք աջակցել նրան, որ կօգնեք նրան գտնել ճիշտ մասնագետին ով կօգնի բարդ իրավիճակում, ում հետ նա կարող է քննարկել իր վիճակը և ստանալ համապաստասխան օգնություն։ Եթե հարցին նայում ենք ընդհանրական տեսանկյունից՝ ինչպես կանխարգելել ինքնասպանությունը հասարակության շրջանում, ապա խնդիրը համապարփակ լուծում է պահանջում՝ իրազեկում, հոգեբանական ինքնօգնություն, նեքրին հենարանի ձևավորմանն ուղղված քայլեր, էմոցիոնալ ինտելեկտի բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս օգնել նման խնդրով մարդկանց: Հոգեբանն ասում է՝ պետք է գիտակցել, որ ինքնասպանության շեմին հասած մարդը, որը հետ է կանգնել այդ որոշումից մասնագետի՝ հոգեբանի, մասնավոր դեպքերում նաև հոգեբույժի հետ աշխատանքի կարիք ունի։ Հարազատի օգնությունը նման դեպքերում աջակցությունն է, դիմացինի կողքին լինելը, նրան լսելը, նրա նկատմամբ ուշադիր լինելը և իհարկե հիշեցնելը/առաջակելը մասնագետի հետ աշխատանքի կարևորության մասին։