
ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Վրաստանի համար նշել անդամակցության ժամկետներ, Մադրիդում տեղի ունեցած Վեհաժողովից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Միաժամանակ, եվրաատլանտյան դաշինքը դեռևս մինչև Վեհաժողովը Թբիլիսիի հետ շփումներում պատրաստակամություն էր հայտնել ավելացնել իր ներկայացվածությունը Վրաստանում՝ ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի շրջանակում, ինչպես նաև ավելացնել Վրաստանում անցկացվող վարժանքների թիվը:
Ուկրաինայի պատերազմի ֆոնին Արևմուտք-Վրաստան հարաբերությունը հայտնվել է նոր իրավիճակում, որը թողնում է բավականին հակասական տպավորություն: Առաջին հայացքից, Վրաստանը վերածվում է «խորթ զավակի»: Միևնույն ժամանակ, շատերը կարծում են, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ Վրաստանի ներկայիս իշխանությունը՝ ի տարբերություն Սահակաշվիլու, բավարար չափով չի ձգտում եվրաատլանտյան ուղղությամբ ինտեգրացիայի, ինչին ի պատասխան էլ այդ բևեռն է նվազեցրել իր վերաբերմունքի ջերմությունը: Այդ հանդիպակած բացատրությունները թերևս արտացոլում են իրադրության վերին շերտը միայն, իսկ դրա ներքո բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն ու դրա տարաբնույթ առանձնահատկություններն են: Այդ իմաստով, դեռևս մեծ հարց է՝ Վրաստանի հանդեպ Հյուսիսատլանտյան բևեռի որոշակի զուսպ քաղաքականությունը մեր հարևան երկրի համար առավել դրակա՞ն, թե՞ մտաոգիչ հանգամանք է:
Ինչպիսի՞ն կլիներ Վրաստանի հանդեպ ՌԴ արձագանքը, եթե ներկայումս Հյուսիսատլանտյան բևեռը Թբիլիսիի ուղղությամբ էլ վարեր ինտենսիվ քաղաքականություն: Արդյո՞ք դա չէր հանգեցնի Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության, որի դրսևորման հիբրիդային և ուղիղ տարբերակները կարող էին լինել բավականին անկանխատեսելի: Եվ հենց այդ նկատառումը չէ՞ր արդյոք, որ պաշտոնական Թբիլիսիին մղեց այնպիսի քաղաքականության, որը չստանա ընդգծված հակառուսական բնույթ, չդիտարկվի ճամբարային և չվերածի Վրաստանը Ռուսաստանի դեմ ռազմա-քաղաքական խրամատի, որի հանդեպ հակառակ արձագանքը կարող էր լինել իսկապես վտանգավոր: Հատկապես, որ այդ պահին են թերևս սպասում թե Ադրբեջանը, թե Թուրքիան՝ վրացական պետականության հետ իրենց հարցերրը լուծելու համար: Թուրքիայի նախագահ Էրդողանը տարիներ առաջ անձամբ է հայտարարել, որ Բաթումը թուրքական տարածք է: Իսկ Վրաստանի հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի հավակնությունների վառ դրսևորումը նախորդ տարիներին Գարեջրի վանական համալիրի տարածքի հանդեպ ագրեսիվ քաղաքականությունն էր և սահմանի այդ հատվածում տեղակայված ռազմական սահմանապահ հենակետը, որը իր հագեցածությամբ գրեթե ոչնչով չի տարբերվում Ադրբեջանի ցամաքային զինուժի սպառազինական հագեցածությունից:
Այդ առումով, միտումնավոր, թե ոչ, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքն իր քաղաքականությամբ Վրաստանի համար եթե չի նվազեցնում առկա ռիսկերը, ապա գոնե չի էլ խթանում դրանք: Սա իր հերթին խոսում է այն մասին, որ ուկրաինական պատերազմի ֆոնին Կովկասում փոխվում է ռազմա-քաղաքական իրադրությունն ու տրամադրությունը լայն իմաստով և այդ փոփոխությունը չի արտահայտվում, և չի սահմանափակվելու լոկ Արցախի դեմ 44-օրյա պատերազմով կամ հայ-ադրբեջանական խնդրով: Այստեղ է, որ փոփոխությունների ֆոնին սրվում է հայ-վրացական միջպետական, ինչպես նաև հասարակական հարաբերությունների կոոպերացիայի հրամայականը, որովհետև Երևանն ու Թբիլիսին նոր իրավիճակում ունեն ռեգիոնալ քաղաքականության հեռանկարներին նոր տրամաբանություն հաղորդելու անհրաժեշտություն: Տրամաբանություն, որը հնարավորինս հեռու կլինի աշխարհաքաղաքական և աշխարհակարգային դիմակայության բովանդակությունից, կենտրոնանալով ռեգիոնալ իրադրության տարբերակվածությանն առնչվող գաղափարների ուղղությամբ: Իհարկե այդ հանգամանքը չի չեղարկելու այն պայքարը, որ կա աշխարհակարգի բեվեռների միջև՝ դիրքերի համար: Բայց, այստեղ չունենալով ընտրություն կատարելու շռայլություն, Երևանն ու Թբիլիսին ունեն իրենց դիվանագիտական-քաղաքական, տնտեսական կարողությունները մեկ նպատակի ծառայեցնելու անհրաժեշտություն՝ Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցությունը պահել կայունության ռեժիմում և հնարավորինս ավելացնել այդ ռեժիմի շահառու մասնակիցների շրջանակը: