Ազգային ժողովն այսօր, փակ-գաղտնի քվեարկությամբ, Իշխան Սաղաթելյանին հետ է կանչել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և դադարեցրել Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ 107 պատգամավորներից քվեարկություններին մասնակցել են 66-ը, բոլորն էլ կողմ են քվեարկել առաջարկվող որոշումներին։Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը նիստին ներկա չեն եղել։ Նրանց փոքրաթիվ աջակիցները ԱԺ բակում մինի ակցիա են արել, ապա հեռացել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ:
Այս որոշումը, ըստ քաղաքագետի` ջրբաժանի պահն էր, իսկ թե առճակատումը ինչպիսի ընթացք կստանա, կախված է հետագա քաղաքական զարգացումներից:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությանը, քաղաքագետը նշեց, որ այս պահին միայն ՔՊ-ն է պատրաստ արտահերթին. «Ընդդիմությունը նույնիսկ արտահերթ ընտրություններով չի կարող հասնել իշխանափոխության, կունենա ռեգրես»: