Ողջ աշխարհում իրադարձությունները սրընթաց զարգանում են, տեսնում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը , Կասպյան ավազանի երկրների գագաթնաժողովը , ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակման ԱՄՆ հայտարարությունը, Կատարում մեկնարկած Իրան -ԱՄՆ միջուկային դոսյեյի շուրջ բանակցությունները: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։
Արմեն Պետրոսյանը կարծում է, որ թեև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները ներկայացվում են կառուցողական, բայց ակնհայտ լարվածություն կա․ «Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը ՌԴ-ի համար պարտություն է: ՌԴ-ի ուղիղ հարևանությամբ տեղակայվելու են ՆԱՏՕ-ի ռազմակայաններ: ՆԱՏՕ-ի ընդլայնումը ՌԴ հարևանությամբ ռազմավարական առումով հարված է»: Փորձագետի կանխատեսմամբ՝ ռուս-թուրքական բախման հնարավորությունը մեծանում է․ մեզ համար վտանգներ են առաջանալու․ «ՌԴ-ը փորձելու է սահմանափակել Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում, որը ազդելու է հայ-թուրքական գործընթացի վրա: Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Թուրքիան փորձելու է առարկայորեն օրակարգ բերել Զանգեզուրի միջանցքի հարցը»:
Անդրադառնալով վաղը՝ հուլիսի 1-ին, Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հերթական հանդիպմանը, փորձագետը նշեց, որ Ռուբինյան-Քըլըչ այս հանդիպմանը ավելի առարկայական թեմաներ օրակարգ կբերվեն: