Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դեռ 2020թ. գարնանը, երբ սկսվեց Covid-ի համավարակը, մի կարճ տեքստ էի գրել, որ քանի դեռ աշխարհը փակվում է, Հայաստանը հնարավորություն ունի կենտրոնանալու արտաքին քաղաքականության ինժեներիայով զբաղվելու վրա` ամբողջովին վերափոխելով դիվանագիտության վարման ստրուկտուրան, որդեգրելու հստակ ուղղություններ, ներդնելու հաշվարկված ու աշխատող մեթոդաբանություն։ Շատ չանցած` պայթեց պատերազմը ու ինքնըստինքյան ակնհայտ դարձրեց գործող մոդելի ու մեթոդի անհամարժեքությունը ոչ միայն Հայաստանին պատուհասած արտահրավերին, այլև աշխարհին (թե’ Արեմուտք, թե’ Ռուսաստան) ու աշխարհքաղաքական լեզվին։
Մենք այդ ընթացքում կորցրինք ամենակարևորը` ժամանակը, ու այդ ժամանակից օգտվելու բացառիկ պատուհանը։
Այսօր, անհամեմատ դժվար, կքած ու խոցված վիճակում ենք, և արտաքին քաղաքականության այդ մեթոդաբանական ու ստրուկտուրալ վերափոխումն անելն անհամեմատ բարդ է, բայց եթե դա իրականացվեր, հսկայական էֆեկտ կունենար նաեւ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Իսկ այս հարցերն այլևս վաղուց դադարել են սոսկ արտաքին քաղաքականության սովորական խնդիրներ լինելուց, դրանք գոյաբանական հարցեր են, վերաբերում են այս տարածաշրջանում հայկական անկախ պետության ապագային: Երբ տարվում ենք կեղծ օրակարգերով ու բառի բուն իմաստով` ապուշություններով, դրա համար վճարում ենք ապագայում, թերևս այս դեպքում` շատ մոտ ապագայում։ Ինչպես նախկինում, ընտրությունների կեղծման ու համատարած կաշառքի ու կոռուպցիայի համար ստիպված եղանք վճարել 2016թ. ապրիլին ու 2020թ. նոյեմբերին, հիմա չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչպես ենք վճարելու ներկայիս ինքնանպատակ անհոգության, դալուկ անտարբերության ու օրական հացի հարց լուծելու պետականակործան շփացածության համար։