
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին լրագրողներն օրերս հարց են ուղղել Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչած մտքերի վերաբերյալ, որի բովանդակային պատասխանից Սարգսյանը խուսափել է: Այստեղ իհարկե իրավիճակը բավականին նուրբ և բազմաշերտ է, որին անդրադառնալու առիթներ եղել են ու կլինեն: Տվյալ պարագայում ուշադրության արժանացնեմ մի հանգամանք, որ կարծես թե առ այսօր Սերժ Սարգսյանին հարց տալու հնարավորություններից որևէ մեկի ընթացքում չի հնչել մի հարց, որ առաջացել է 44-օրյա պատերազմից հետո Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարության բերումով: Իսկ Թովմասյանը հայտարարեց, որ դեռևս 2016-ի հուլիսին Սերժ Սարգսյանն Արցախի ռազմա-քաղաքական «էլիտայի» հետ հանդիպմանը խոսել է Արցախի հարցում փոխզիջումների, այլ կերպ ասած տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, ասելով, թե հակառակ պարագայում ինչպես երգում ենք «Ղարս-Ղարս», այդպես էլ երգելու ենք «Ստեփանակերտ-Ստեփանակերտ», կամ այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը շատ հստակ ակնարկել է, որ հակառակ դեպքում կորցնելու ենք ամբողջ Արցախը: Այդ մասին խոսել է Արցախի ԱԺ նախագահը և առ այսօր կարծես թե չի հնչել հարց Սերժ Սարգսյանին՝ չնայած նրան հարց ուղղելու մի շարք առիթներին և հնարավորություններին, թե արդյո՞ք նա 2016-ի ապրիլին ասել է այն, ինչ 44-օրյա պատերազմից հետո հանրայնացրել է Արցախի ԱԺ նախագահը:
Եթե Սերժ Սարգսյանը կասի, որ Արթուր Թովմասյանը ստել է, ապա Թովմասյանը կամ ստիպված կլինի խնդրել ներողություն՝ թե Սարգսյանից, թե հանրությունից, մոլորեցնելու, ստելու համար, կամ, եթե նա չի ստել, Սերժ Սարգսյանը թերևս ստիպված կլինի բացել որոշ փակագծեր և ասել, թե ինչու՞ է 2016-ի քառօրյայից հետո՝ որը իշխանությունը հանրությանը փորձել է մատուցել որպես հաղթանակած քառօրյա, մեկնել Արցախ և խոսել Արցախը ամբողջապես կորցնելու վտանգի և դրանից խուսափելու համար փոխզիջման գնալու անհրաժեշտության մասին: Եվ այդ դեպքում, պետք է իրադրության վերաբերյալ իր պատասխանատվությունը կրի նաև այդ հանդիպման մասնակից արցախյան «էլիտան», եթե մերժել է Սերժ Սարգսյանին և նրան փաստորեն դրել բավականին բարդ իրավիճակում՝ պատասխանատվությունը թողնվում է ամբողջապես նրա վրա, սակայն չի թողնվում նրան լուծումների միանձնյա հնարավորություն: Իսկ այդ պարագայում էլ թերևս հարկ կլինի ավելի բացել այդ ժամանակ կառավարող համակարգի ներսում եղած և թերևս տարիների բարդ պատմություն ունեցող փոխհարաբերությունների մեծ կծիկ: Իսկ դա կարող է հասնել արդեն շատ ավելի հեռու՝ Հայաստանի ներքաղաքական պատմության հետագծով, և գուցե նաև շատ ավելի դուրս՝ Հայաստանի սահմանից, այդ ներքաղաքական պատմության գործընթացում արտաքին ազդեցության ցուցիչների և դերակատարների մասով: Դա՞ է պատճառը, որ չի հնչում հարցը:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի