
Հայկական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ կառավարող մեծամասնությունը մտադիր է հոկտեմբերին անցկացնել Երևանի ավագանու, փաստացի քաղաքապետի արտահերթ ընտրություն: Դա իր բնույթով այսպես ասած համայնքային ընտրություն է, որը սակայն դե ֆակտո հավասարազոր է գրեթե համապետական ընտրության, հաշվի առնելով Երևանի մասշտաբը, տնտեսական տեսակարար կշիռը, բնակչության քանակը և այլն: Ունի՞ արդյոք իշխանությունն այդպիսի մտադրություն, հնարավոր էր հարցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա առցանց ասուլիսի ընթացքում, սակայն այդպիսի հարց չհնչեց: Փոխարենը հնչեց հարց, թե արդյոք՞ իշխանությունը մտադիր է մանդատից զրկել խորհրդարանական ընդդիմության այն պատգամավորներին, որոնք սպառել են բացակայությունների լիմիտը՝ առավելապես բոյկոտի հետևանքով: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ չի արտահայտի իր տեսակետը, քանի որ հարցը դեռ չի քննարկվել ՔՊ շրջանակում: Փաշինյանը հայտնեց միայն, որ տեսակետներն այդ առումով տարբեր են: Դրա փոխարեն, հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ ՔՊ խորհրդարանական խմբակցությունը մտադիր է խորհրդարանական ընդդիմության Հայաստան դաշինքի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին զրկել համապատասխանաբար՝ ԱԺ փոխխոսնակի և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոններից: Քննարկվելու է նաև Արմեն Գևորգյանին տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցը:
Սա նշանակու՞մ է արդյոք, որ քաղաքական մեծամասնությունը գնում է այնպիսի իրավիճակ խթանելու ճանապարհով, որը կարող է բերել արտահերթ ընտրության որոշակի «հող» ձևավորելուն, ինչն էլ կբերի Երևանի արտահերթ ընտրության մասին որոշման: Իհարկե մի դեպքում գործ ունենք խորհրդարանական տիրույթում քայլերի հետ, մյուս դեպքում՝ համայնքային իշխանության, հետևաբար ինչու՞ պետք է խորհրդարանում քայլերը բերեն Երևանի արտահերթ ընտրության: Բայց, տվյալ դեպքում իհարկե առանցքայինը կարող է լինել որոշակի այսպես ասած մթնոլորտի կամ սպասման ձևավորումը, որից հետո արդեն կարող է հասունացվել արդեն լուծումը: Ամբողջ հարցն այն է թերևս, թե ինչո՞վ է պայմանավորված կամ ինչով կարող է պայմանավորված լինել այդպիսի մտադրությունը: Չէ՞ որ ՔՊ-ն Երևանում կարծես թե չունի խնդիր, քաղաքապետարանն աշխատում է, քաղաքապետը՝ որևէ խնդիր չունի կառավարության և ՔՊ հետ: Արդյո՞ք պատճառը կամ մոտիվը այն վարկածն է, որ քննարկվում է մամուլում: Այսինքն, ՔՊ-ն համարում է, որ 2023 թվականի հոկտեմբերին ավելի բարդ կլինի հաղթել Երևանի ընտրությանը, քան 2022 թվականի հոկտեմբերին, ըստ այդմ քանի կա հարմար միջավայր, պետք է լուծել Երևանի իշխանության հարցը, որն իհարկե կարևոր կետ է: Թե՞ Հայաստանում արտահերթ ընտրության «մոտիվ» ձևավորվում է Հայաստանի շուրջ առկա բարդ քաղաքական-դիվանագիտական իրողությունների բերումով, որոնք Հայաստանից պահանջում են մանևրի նույնքան բարդ կարողություն, առավել ևս մեծ ռեսուրսների բացակայության պայմաններում: Կարո՞ղ է այդպիսին լինել Երևանի արտահերթ ընտրությունը: