Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Բրյուսելի հետ խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին՝ պարզաբանելով Բրյուսելի կողմից օգտագործվող «ապաօլիգարխացում» տերմինը՝ որպես ապագայում Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու պայմաններից մեկը։
«Իհարկե, մենք խորհրդակցություններ կունենանք Բրյուսելի հետ՝ ավելի շատ հստակություն ստանալու համար, թե ինչ ակնկալիքներ կան, ինչպես կարող ենք իրականացնել համապատասխան օրենքների ընդունումը։ Այս պայմանը նշված է բոլոր երեք երկրների համար՝ Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա»,- ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է վարչապետը։
Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Վրաստանում նման մարտահրավերներ չկան։ «Բայց մենք այդ առաջադրանքը կկատարենք, ինչպես՝ բոլորը»,- խոստացել է Ղարիբաշվիլին։