Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի առեվտրաշրջանառությունը 2021թ․ եվ ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի ներկա տնտեսական գործընթացների վրա

2021թ․ COVID-19 համավարակի տարածման դանդաղեցման և պատվաստումների աճին զուգահեռ՝ տեղի ունեցան համաշխարհային առևտրատնտեսական կապերի որոշակի աշխուժացում և սպառման ծավալների աճ, որն իր բարերար ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության ավելացման վրա, ընդ որում, 2021թ․ արտահանման ցուցանիշն առաջին անգամ հատեց 3 մլրդ դոլարի շեմը․ աճը 2020թ․ համեմատ կազմեց 19.1 տոկոս և 3 մլրդ 22 մլն դոլար։

2021թ․ Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության հիմնական գործընկերների շարքում կրկին ԵԱՏՄ անդամ երկրներն են, որոնց հետ առևտրաշրջանառությունը 2020թ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20.6 տոկոսով՝ 2 մլրդ 629 մլն դոլար: Ինչպես և նախորդ տարիներին, 2021թ․ ևս Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որին բաժին է ընկել Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի 31.4 տոկոսը:

2021թ․ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 629 մլն դոլար․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 20.9 տոկոս: Բելառուսի Հանրապետության հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 7.8 տոկոսով և կազմել 86.1 մլն դոլար: Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 48.6 տոկոսով և հասել 18,3 մլն դոլարի:

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2021թ․ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ավելացել է 12,4 տոկոսով և կազմել 177,1 մլն դոլար: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի Հանրապետության առաջնային առևտրային գործընկերն Ուկրաինայի Հանրապետությունն է, որի հետ 2021թ․ ապրանքաշրջանառությունը կազմել է 168,8 մլն դոլար․ նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 12.4 տոկոս: ԱՊՀ երկրներից ապրանքաշրջանառության աճ է գրանցվել նաև Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ՝ 63.2 տոկոս և 14.8 մլն դոլար և 2.8 անգամ և 14.2 մլն դոլար։

COVID-19 կորոնավիրուսի համավարակի ու տնտեսական հարաբերությունների աշխուժացումն ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև արձանագրված ապրանքաշրջանառության վրա: 2021թ․ Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 23,9 տոկոսով և կազմել 1 մլրդ 587 մլն դոլար: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշորագույն գործընկերը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է, որի հետ 2021թ․ կտրվածքով փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմել է 289․8 մլն դոլար․ նախորդ տարվա համեմատ գրանցվել է 2.5 տոկոս անկում: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերներից են նաև Բուլղարիան, որի հետ 2021թ․ ապրանաշրջանառությունն ավելացել է 32.3 տոկոսով՝ կազմելով 227.5 մլն դոլար, Իտալիայի և Նիդերլանդների հետ աճը կազմել է համապատասխանաբար՝ 24.0 և 79.6 տոկոս և 287,7 ու 228.5 մլն դոլար:

Այլ երկրների շարքում Ռուսաստանի Դաշնությունից հետո Հայաստանի խոշոր առևտրային գործընկերը Չինաստանի Հանրապետությունն է, որի հետ առևտրաշրջանառությունը 2021թ․ կազմել է 1 մլրդ 260 մլն դոլար, իսկ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 30.7 տոկոս: Ապա հաջորդում են Իրանի Իսլամական Հանրապետությունը` 502.8, Շվեյցարիան՝ 385.3, ԱՄՆ-ը՝ 207.4, Իրաքը՝ 182.0 և Վրաստանը՝ 190.2 մլն դոլար: 2021թ․ Վրաստանի, ԱՄՆ-ի և Իրանի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է համապատասխանաբար՝ 45.9, 35.9 և 25.2 տոկոսով։ Շվեյցարիայի դեպքում գրանցվել է լուրջ անկում, որը կազմել է 18.4 տոկոս։

2021թ․ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 847.3 մլն դոլարի արտադրանք։ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը ևս ավելացել է 20.5 տոկոսով և կազմել 1 մլրդ 993 մլն դոլար: ԵԱՏՄ երկրներից Բելառուսի Հանրապետություն Հայաստանից արտահանվող ապրանքների հանրագումարը կազմել է 28,3 մլն դոլար, աճը կազմել է 18,7 տոկոս, իսկ ներմուծումը՝ 59,5 մլն դոլար, աճը՝ 18 տոկոս: Դեպի Ղազախստան արտահանումը 2021թ․ բավականին տպավորիչ աճ է արձանագրել՝ 59.5 տոկոս և հասել 10.5 մլն դոլարի։

2021թ․ Հայաստանի Հանրապետությունից ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 37.4 տոկոսով և կազմել 47.3 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալն ավելացել է 11.9 տոկոսով և հասել 163.2 մլն դոլարի։ ԱՊՀ երկրներից ամենամեծ արտահանումն իրականացվում է դեպի Ուկրաինա, որը դոլարային արտահայտությամբ կազմել է 25.2 մլն, իսկ ներմուծումը՝ 147.5 մլն։ Մոտ 4.3 անգամ արտահանման ծավալների աճ է գրանցվել դեպի Թուրքմենստան՝ 8.1 մլն դոլար։

Չնայած 2021թ․ Եվրոպական Միության երկրներ արտահանման ցուցանիշների էական բարելավմանը՝ 2020թ․ համեմատ այն ավելացել է 52.9 տոկոսով, սակայն դոլարային արտահայտությամբ էականորեն զիջում է ԵԱՏՄ երկրներ Հայաստանի արտահանման ցուցանիշին։ 2021թ․ Եվրոպական Միության երկրներ է արտահանվել 656.0 մլն դոլարի արտադրանք, իսկ ներմուծումը տվյալ ժամանակահատվածում ավելացել է 10.1 տոկոսով և հասել 1 մլրդ 29 մլն դրամի։

Եվրոպական Միության երկրների շարքում 2021թ․ Հայաստանի Հանրապետությունն ամենաշատ արտահանում իրականացրել է դեպի Բուլղարիայի Հանրապետություն՝ 198.4 մլն, որին հաջորդում են Նիդերլանդները՝ 191.2, Գերմանիան՝ 77.5 և Իտալիան՝ 63.5 մլն դոլար։ Հայաստան ապրանքների ներմուծման առումով Եվրոպական Միության երկրներից առաջատարը Գերմանիան է՝ 222.8 մլն, որին հաջորդում են Իտալիան՝ 195.7, Նիդերլանդները՝ 85.0 և Ֆրանսիան՝ 68.3 մլն դոլար ցուցանիշով։

Բավականին բարելավվել է արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ․ աճը կազմել է 20,6 տոկոս և 67,8 մլն դոլար: Ի տարբերություն արտահանման՝ ներմուծման աճն ավելի էական է՝ 76 տոկոս և 137.2 մլն դոլար:

Հայաստանը 2021թ․ ավելի մեծ ծավալի ներկրումներ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 438․9 մլն դոլար, իսկ աճը նախորդ տարվա համեմատ 38.1 տոկոս է։ Միևնույն ժամանակ դեպի Իրան արտահանումը նվազել է 22.5 տոկոսով և կազմել 65.5 մլն դոլար:

Նույն իրավիճակն է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում․ դեպի Հայաստան ներմուծումը 2020թ․ համեմատ աճել է 26.9 տոկոսով և հասել 121.0 մլն դոլարի, իսկ արտահանման աճը կազմել է 67 տոկոս կամ 95,6 մլն դոլար։

2021թ․ ընթացքում նախորդ տարվա համեմատ Հայաստանը գրեթե 36 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը դեպի Չինաստանի Հանրապետություն՝ հասցնելով 393 մլն դոլարի, իսկ ներմուծումն աճել է 28.6 տոկոսով և կազմել 876.0 մլն դոլար: Վերջին տարիներին հայկական արտադրանքի համար լավ շուկա հանդիսացող Իրաքի Հանրապետություն հայկական արտադրանքի արտահանումը 2021թ․ նախորդ տարվա համեմատ աճել է 8.2 տոկոսով և հասել 177,3 մլն դոլարի, իսկ հարևան Վրաստան արտահանումն աճել է 18.9 տոկոսով և կազմել 68.3 մլն դոլար:

ՀՀ-ից արտահանվող ապրանքների շարքում ամենամեծ չափաբաժինը ձևավորել է հանքահումքային արտադրանքը, որը դոլարային արտահայտությամբ կազմել է 982.2 մլն, իսկ Հայաստանից արտահանման կառուցվածքում նրա կշիռը կազմել է 32,4 տոկոս: 2021թ․ հանքահումքային արտադրանքի դոլարային արտահայտությամբ ծավալն աճել է 20,6 տոկոսով, որն էլ իր հերթին կապված է համաշխարհային շուկաներում պղնձի պահանջարկի մեծացման արդյունքում տեղի ունեցած կտրուկ թանկացմամբ։ 2021թ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պղնձի գինը գրեթե կրկնապատկվել է, և 2022թ․ էլ այդ աճը շարունակվում է։

Երկրորդն այս խմբում պատրաստի սննդի արտահանումն է, որը 2020թ.-ի COVID-19 համավարակով պայմանավորված, լուրջ անկում էր գրանցել։ 2021թ․ պատրաստի սննդի արտահանման ծավալն ավելացել է 10.8 տոկոսով և կազմել 623,9 մլն դոլար: Նշված ժամանակահատվածում Հայաստանից ավելացել է կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը, որի աճը կազմել է 36.8 տոկոս՝ 107.0 մլն դոլար, իսկ բուսական ծագման արտադրանքի արտահանումն ավելացել է 37 տոկոսով և կազմել 186,5 մլն դոլար:

Մանածագործական իրերի արտահանումը 2021թ․ նախորդ տարվա համեմատ աճել է 37.4 տոկոսով և հասել 183,4 մլն դոլարի: Հայաստանից արտահանման կառուցվածքում բավականին մեծ տեղ ունեցող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանումը 2021թ․ նախորդ տարվա համեմատ կրճատվել է 9.8 տոկոսով և կազմել 333.0 մլն դոլար, իսկ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն աճել է 59 տոկոսով և հասել 365.4 մլն դոլարի։

Աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններն Ուկրաինայի շուրջ, 2022թ․ փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը զգալի տնտեսական ռիսկեր են առաջ բերել նաև Հայաստանի Հանրապետության համար։ Ռուսաստանի նկատմամբ եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի կիրառած խոշոր ֆինանսատնտեսական, հաղորդակցական, ապրանքային պատժամիջոցները գրեթե մեկուսացրել են այդ երկիրը: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի N1 առևտրային գործընկերն է, տարեկան տասնյակ հազարավոր հայ աշխատանքային միգրանտների համար Ռուսաստանի Դաշնությունն ապրուստի հիմնական վայրն է, զգալի է ՌԴ-ից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ծավալը։

Միասնական տնտեսական գոտում գտնվող և թիվ մեկ առևտրային գործընկեր հանդիսացող Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի արտահանման 28 տոկոսը, ընդ որում, սեփական պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական շուկան ՌԴ-ն է, որտեղ 2021թ․ իրացվել է 847.3 մլն դոլարի արտադրանք՝ 24.5 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

2022թ․ մարտից սպասվում էր, որ ռուսական շուկայում հայ արտահանողները ռուբլու արժեզրկման, սպասվող տնտեսական անկման և բարձր ինֆլյացիայի հետևանքով բավականին լուրջ ֆինանսական կորուստներ կարող են կրել։ Այդ սպասումների հիմնական պատճառն այն էր, որ ռուսական շուկա արտահանման մեծ ծավալներ ունեցող խոշոր հայկական ընկերությունները ռուսաստանյան իրենց գործընկերների հետ փոխադարձ պայմանագրերի մոտ 61 տոկոսը կնքել էին ռուսական ռուբլով, իսկ դոլարով և եվրոյով կնքված պայմանագրերը համապատասխանաբար կազմել են 34.2 և 3.7 տոՆերկայումս այդ խնդիրը որոշակի իմաստով մեղմացել է, քանի որ ռուսական արժույթը վերջին 2 ամիսներին բավականին արժևորվել է և գտնվում է 1 ռուբլին=6.80-ի միջակայքում, սակայն պատերազմի երկարատև բնույթից և փոփոխվող իրավիճակից պարզ չէ՝ արդյո՞ք այդ փոխարժեքը կայուն կլինի, թե կսկվի նոր արժեզրկման փուլ։ Հաջորդ խնդիրն այն է, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կարող են նվազել նաև այն պատճառով, որ այնտեղ նախնական գնահատականներով սպասվում է առնվազն 11.3 տոկոս տնտեսական անկում և երկնիշ գնաճ,[2] ինչի արդյունքում ռուսական շուկայում սպասվում է սպառման լուրջ կրճատում։ Սակայն, եթե նույնիսկ նախկին իրացման ֆիզիկական ծավալները պահպանվեն, հայկական ընկերությունների շահույթի մարժան կարող է նվազել, քանի որ ներկայումս դրամի մոտ 10-12 տոկոս արժևորմամբ պայմանավորված՝ հայկական ձեռնարկությունների ապրանքները կթանկանան։ Մյուս կողմից, հայկական ընկերությունները կարող են զբաղեցնել ռուսաստանյան ապրանքային շուկայի այն հատվածը, որտեղից Ռուսաստանի Դաշնության կողմից փոխադարձաբար սահմանվող տնտեսական պատժամիջոցների հետևանքով հեռանալու են Եվրոպական Միության, ԱՄՆ-ի և այլ երկրների արտադրողները։ Սա վերաբերում է հատկապես պահածոյացված արտադրանքին, որտեղ հայ սպառողները բավականին լավ որակ են ապահովում։ Սակայն ներկայումս հայկական դրամի արժևորմամբ պայմանավորված՝ հայկական պահածոյացված արտադրանքի գինը կարող է թանկանալ, որից այս պարագայում կարող են օգտվել այլ երկրների արտահանողները, կամ լուծումը կարող է լինել այն, որ արտահանողներն այս տարի ավելի էժան գներով մթերում իրականացնեն։ Այս տարի էժան մթերումն իրականացնելն էլ է խնդրահարույց, քանի որ համաշխարհային շուկայում էներգակիրների և պարարտանյութի կտրուկ թանկացմամբ պայմանավորված՝ պտուղ-բանջարեղենի և մրգի ինքնարժեքը զգալի բարձր է լինելու։

Ռուսաստանի Դաշնությունում սպառողական պահանջարկի անկումից և դրամի արժևորումից մեծապես կարող են տուժել հայաստանյան սպիրտային խմիչքների արտադրողները, քանի որ այդ ոլորտի արտահանման ավելի քան 80 տոկոսն է Ռուսաստանի Դաշնություն արտահանվում։ Այստեղ առաջնահերթը կոնյակի իրացման հարցն է, քանի որ դեպի Ռուսաստանի Դաշնություն սպիրտային խմիչքների արտահանման 82 տոկոսը բաժին է հասնում հենց կոնյակին։ 2021թ․ Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 180․6 մլն դոլարի կոնյակ, որը կազմել է դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման 21.6 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի կոնյակի արտահանման ավելի քան 95 տոկոսն ուղարկվում է Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և Ղազախստան, երկրներ, որոնք մասնակից են կամ ինչ-որ չափով առնչվում են ռուս-ուկրաինական պատերազմին։ Միայն Ուկրաինա և Բելառուս է արտահանվում Հայաստանում արտադրված կոնյակի 10 տոկոսը, իսկ դրա գերակշիռ մասը՝ հենց Ուկրաինա։

Այս խնդիրը նոր չէ, քանի որ կոնյակի և գինու արտահանումը բավարար չափով դիվերսիֆիկացված չէ։ Նույնատիպ խնդիրներ են եղել, և 2009-2010թթ․ համաշխարհային ճգնաժամի, այնպես էլ 2014թ․ Ղրիմի շուրջ ծագած իրադարձություններից հետո ու դրա արդյունքում լուրջ եզրահանգումներ չեն կատարվել, և այլ շուկաներ արտահանման ուղղությամբ բավարար չափով աշխատանքներ չեն իրականացվել։

Կոնյակի և գինու արտահանման ծավալների նվազումը հղի է նաև այլ վտանգներով․ լրջագույն խնդրի առջև է կանգնելու խաղողագործությունը, որը վերջին տարիներին է սկսել ոտքի կանգնել։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արդեն իսկ 2020թ․ խաղողի մթերումը լուրջ խնդիրների էր բախվել, բավականին ծանր էր գործընթացը նաև 2021թ․։ Բնականաբար խնդիրներ են առաջանալու նաև այս տարի, և եթե գյուղացին չկարողանա մթերող գործարաններին վաճառել իր արտադրած ավելի թանկ արժեքով բերքը, հետևանքները կարող են շատ լուրջ լինել։

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն հայ արտահանողների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետը։ Եվրոպական ուղևորափոխադրումները, որոնք մինչ ռուս-ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի Դաշնություն էին մտնում Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված Թուրքիայի և Վրաստանի միջոցով են մտնում Ռուսաստանի Դաշնություն։[4] Միաժամանակ Սև ծովում նավագնացության համար վտանգի առկայությունը ևս ստիպում է թուրքական ուղևորափոխադրումներն իրականացնել Վրաստանի միջոցով, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծել։

Վերին Լարսում տիրող իրավիճակն արդեն իսկ ազդեցություն է ունենում Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառության վրա և հավելյալ գնաճային իրավիճակ ստեղծում, քանի որ ապրանքների արտահանումը Վերին Լարսով ավելի երկար ժամանակահատվածում է իրականացվում, և դա վառելիքի ու դրամի արժևորման համակցությամբ ավելի է թանկացնում ապրանքների արտահանումը և ներմուծումը։

Խնդիրն այն է, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման կառուցվածքում այնպիսի ապրանքներ են, որոնք սեզոնային բնույթ ունեն և արագ փչացող են։ Վերին Լարսի անցակետով ապրանքների տարանցման երկարաժամկետ լինելու հանգամանքը լրջորեն վտանգում է հատկապես Հայաստանից թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը։ 2021թ․ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 70 մլն 153 հազար դոլարի բանջարեղեն, որից 13 միլիոն դոլարի՝ թարմ կամ պաղեցրած կարտոֆիլ, 43 մլն 807 հազար դոլարի թարմ կամ պաղեցրած լոլիկ, 1 մլն 283 հազար դոլարի՝ կաղամբ, 3 մլն 135 հազար դոլարի՝ թարմ կամ պաղեցրած վարունգ, 8 մլն 928 հազարի՝ այլ տեսակի բանջարեղեն։ Եթե բանջարեղենի արտահանումը ողջ տարվա կտրվածքով է տեղի ունենում, ապա թարմ մրգի արտահանումը, որոշակի ժամանակահատվածում՝ սեզոնայնությամբ և շոգ ժամանակահատվածով պայմանավորված, հնարավոր չէ երկար պահել բեռնատարների բեռնակցիկներում։

2021թ․ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 76 մլն 634 հազար դոլարի միրգ, որի գերակշիռ մասը՝ 39 մլն 343 հազարը, կազմել են ծիրանը, բալը, կեռասը, դեղձը, նեկտարինը, սալորը, մամուխը և այլ մրգեր։[5] Եթե Վերին Լարսի անցակետով տարանցման ժամանակահատվածի խնդիրը լուծում չստանա, ապա հարցականի տակ կարող է հայտնվել թարմ մրգի արտահանումը, իսկ դա լուրջ վնաս կարող է հասցնել գյուղացիական տնտեսություններին և այդ ոլորտում ներգրավված տնտեսվարողներին։

Թեև եվրոպական և ամերիկյան ընկերությունների՝ Ռուսաստանի Դաշնությունից հեռանալուն զուգահեռ հայկական ձկնարտադրողների համար ռուսական շուկայում իրացման ծավալների լավ հեռանկարներ են բացվել, սակայն Վերին Լարսի խնդիրն այս պարագայում ևս կարող է խոչընդոտ հանդիսանալ թարմ, պաղեցրած կամ սառեցրած ձկնամթերքի արտահանման համար, քանի որ այս ապրանքատեսակն էլ չի կարող երկար ժամանակահատվածում մնալ բեռնախցիկների մեջ։ 2021թ․ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել մոտ 62.7 մլն դոլար արժողությամբ թարմ, պաղեցրած կամ սառեցված ձկնամթերք։

Ռուսական շուկայում լավ հեռանկարներ են բացվում հայկական արտադրության տրիկոտաժե արտադրանքի համար, քանի որ ամերիկյան, եվրոպական հագուստ և տրիկոտաժ արտադրող բազմաթիվ ընկերություններ հեռացել են, և ռուբլու կայունության պարագայում այս ոլորտում մեր արտահանողները կարող են լրացուցիչ շուկայի հատվածներ մուտք գործել։ 2021թ․ ռուսական շուկա է արտահանվել շուրջ 83 մլն դոլար արժողությամբ հագուստ և տրիկոտաժի արտադրանք։

Համենայնդեպս, պետք է արձանագրել, որ 2022թ․ հունվար-ապրիլ ամիսներին դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական արտադրանքի արտահանումը ոչ միայն չի նվազել, այլ բավականին աճել է 26.4 տոկոսով և կազմել 279 մլն 949 հազար դոլար։ Աճ է գրանցվել նաև դեպի Բելառուս արտահանման ցուցանիշներում 60.6 տոկոսով և հասել 7 մլն 854 հազարի։

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ 2022թ․ առաջին չորս ամիսների կտրվածքով լուրջ անկում է գրանցվել Հայաստանից դեպի Ուկրաինա արտահանման ցուցանիշներով․ անկումը կազմել է 38.6 տոկոս, և արտահանման ծավալը կազմել է 3 մլն 453 հազար։ Ուղևորափոխադրումների բացակայությունն առաջիկա ամիսներին կհանգեցնի նրան, որ Ուկրաինայի հետ առևտաշրջանառությունը կարող է ամբողջովին զրոյանալ։

Ռուս-ուկրաինական ճգնաժամի հնարավոր բացասական ազդեցություններից կարելի է համարել այն, որ հնարավոր է նվազեն ՌԴ-ից ստացվող դրամական տրանսֆերտների ծավալները։ Չնայած այս հանգամանքին՝ 2022թ․ հունվար-ապրիլին Ռուսաստանի Դաշնությունից տեղի է ունեցել տրանսֆերտների ցուցանիշի լուրջ բարելավում, որը հիմնականում պայմանավորված է ոչ թե մեր հայրենակիցների կողմից իրականացված փոխանցումների աճով, այլ ազգությամբ ռուսների՝ աշխատանքի կամ այլ նպատակով Հայաստան տեղափոխման հետ։ Եթե 2022թ․ հունվարին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանի Դաշնությունից մուտք եղած գումարների ծավալը կազմել է 40․6 մլն դոլար, փետրվարին՝ 82.5 մլն, մարտին՝ 115․8, ապա ապրիլին՝ 232․6 մլն դոլար։[7] Վերջինս ամսական կտրվածքով երբևիցէ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան փոխանցված առավելագույն տրանսֆերտների գումարն է։ Ընդհանուր առմամբ 2022թ․ Ռուսաստանի Դաշնությունից բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել 471․6 մլն դոլար, որը կազմել է ընդհանուրի 51.3 տոկոսը և 2021թ․ ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից փոխանցված գումարների մոտ 55 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, դեպի Հայաստան դրամական տրանսֆերտների առավելագույն փոխանցված գումարների տարի կարելի է համարել 2013թ․, երբ միայն բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 727 մլն դոլար։ Թեև 2014թ․-ից Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումների ծավալը սկսեց նվազել և 2016թ․ հասավ 896 մլն դոլարի, սակայն 2017-2019թթ․ այն ավելացավ և տարեկան միջինացված հասավ 1 մլրդ 57 մլն դոլարի կամ աճեց 17 տոկոսով։

2020թ․ տարեսկզբից կորոնավիրուսի համավարակի տարածումը հանգեցրեց միգրացիոն գործընթացների էական փոփոխությունների. երկրների միջև միգրացիան գրեթե ամբողջությամբ դադարեց, քանի որ երկրների մեծ մասը փակեց սահմաններն ինչպես միգրանտների, այնպես էլ զբոսաշրջիկների առջև։ Հայաստանում 2020թ․ 2019թ. համեմատ օդային և ցամաքային տրանսպորտային միջոցներով ուղևորափոխադրումները նվազեցին ավելի քան 3.5 անգամ, ընդ որում, 2019թ․ համեմատ ավելի քան 232 մլն դոլարով նվազեց ՌԴ-ից ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների ծավալը։ 2021թ․ փետրվարից 2020թ․ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնությունից տեղի ունեցավ ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների նվազում։ Համենայնդեպս Հայաստանի Հանրապետության կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից ստացվող տրանսֆերտներից բավականին նվազել է (2013թ․՝ 1 մլրդ 727 մլն դոլար կամ ընդհանուրի 75 տոկոսը, 2021թ․՝ 865 մլն դոլար կամ ընդհանուրի 41 տոկոսը), սակայն այն դեռևս հանդիսանում է ստացվող տրանսֆերտների առաջատար երկիրը։ Համենայնդեպս, չնայած ռուսական ռուբլու կտրուկ արժևորմանը՝ պետք է սպասել, որ ինչպես մեր երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ միգրանտների համար կարևոր աշխատանքային ոլորտներ հանդիսացող առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտներում աշխատատեղերի կրճատումը կարող է այս դեպքում էապես նվազեցնել ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների ծավալը։

Բացի ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով Հայաստանին սպասվող տնտեսական դժվարություններից 2022թ․, պայմանավորված Եվրամիության հետ «GSP+» համակարգի չեղարկմամբ, կանխատեսվում էր Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանման անկում։ Խնդիրն այն է, որ 2009թ․-ից ի վեր Հայաստանն օգտվում էր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» («CSP+»), որի շրջանակում ԵՄ-ը Հայաստանի համար ավելի քան 6000 անուն ապրանքատեսակների մասով հանել էր մաքսատուրքերը։

2022թ․ հունվարից Հայաստանը ԵՄ-ի հետ առևտուրը սկսել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի հիման վրա, որը չի նախատեսում արտոնյալ առևտուր։

«GSP+»-ի շրջանակում Հայաստանից ԵՄ արտահանման ավելի քան 96%-ը հիմնական մետաղներ են եղել, որոնք, ըստ ԵՄ սահմանման, ներառում են ալյումինը, պղինձը, կապարը, անագը և ցինկը։

«GSP+»-ից դուրս գալու արդյունքում Հայաստանի համար ԵՄ արտահանման մաքսատուրքերն էականորեն կբարձրանան՝ 0,8%-ից հասնելով 5,1%-ի, ընդ որում, ԵՄ արտահանվող ալյումինե փայլաթիթեղի մաքսատուրքը 0%-ից կբարձրանա 7,5%-ի։

Ըստ կանխատեսումների՝ «GSP+» համակարգի չեղարկումից հետո կարող է տեղի ունենալ ԵՄ Հայաստանի արտահանման 20% կրճատում, ընդ որում, սպասվում է, որ հատկապես ծանր հարված կհասցվի տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտին: Բացի այս ԵՄ երկրներից, մասնավորապես Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հագուստի և տրիկոտաժի արտադրանքի պատվերներ իրականացնող հայկական տեքստիլ արդյունաբերության ընկերությունները լուրջ խնդիրներ կարող են ունենալ հայկական շուկայում եվրոյի փոխարժեքի կտրուկ անկումից, որը 2021թ․ համեմատ կազմել է մոտ 20 տոկոս։ Այս պարագայում ԵՄ երկրների հետ աշխատող հայկական տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունները կարող են հայկական դրամի նկատմամբ եվրոյի ցածր փոխարժեքի երկար պահպանման դեպքում նույնիսկ դադարեցնել աշխատանքները կամ փորձել խնդիրը լուծել աշխատակիցների աշխատավարձերի ցածրացումով, որը սպառողական շուկայի գնաճային պայմաններում ոլորտի աշխատողների համար լուրջ ֆինանսական խնդիրներ կարող է առաջացնել։

Եվրոյի ցածր փոխարժեքը լուրջ վնասներ կարող է հասցնել նաև հայկական հանքարդյունաբերական ձեռնարկություններին, քանի որ Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 90 տոկոսից ավելին մետաղներն են։

Չնայած ԵՄ-ի հետ առևտրային խնդիրներին՝ 2022թ․ հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 55.6 տոկոսով և հասել 259.6 միլիոն դոլարի, որից գերակշիռ մասը՝ 90.3 տոկոսը, բաժին է հասել Նիդերլանդներին՝ 76.8 մլն դոլար, Բուլղարիային՝ 74.7 մլն, Գերմանիային՝ 38.2 մլն 414, Իտալիային և Բելգիային համապատասխանաբար՝ 21.7 մլն և 22.8 մլն հազար դոլար։ Այս հանգամանքն էլ հիմնականում պայմանավորված է նրանով, որ հանքարդյունաբերական արտադրանքի արժեքը 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ բավականին արժևորվել է, և արտահանումը տեղի է ունենում ավելի թանկ գնով։

2022թ․ հունվար-ապրիլի կտրվածքով բարելավվել են նաև Հայաստանից դեպի այլ երկրներ արտահանման ցուցանիշները։ Մասնավորապես ԱՄՆ արտահանումն աճել է 6.5 տոկոսով և հասել 30.6 մլն դոլարի, Արաբական Միացյալ Էմիրություններ աճն ավելի էական է՝ 80,2 տոկոս և 42 մլն դոլար։ Հայաստանի անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի առումով էլ արտահանման բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել․ աճը համապատասխանաբար կազմել է 49.2 և 69.2 տոկոս և 33.6 և 31.7 մլն դոլար։

Վերջին տասնամյակում հայկական արտադրանքի իրացման հաջող շուկա համարվող Իրաք 2022թ․ 4 ամիսների կտրվածքով արտահանումն աճել է 59.2 տոկոսով և հասել 66.5 մլն դոլարի։

Չնայած 2022թ․ 4 ամիսների կտրվածքով արտահանման ցուցանիշների աճին՝ ռուս-ուկրաինական պատերազմով, Վերին Լարսի անցակետով դեպի Ռուսաստանի Դաշնություն տարանցման խնդրով, դոլարի և եվրոյի փոխարժեքի նվազմամբ, արտահանման և տրանսֆերտների նվազմամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի աճն այս տարի կարող է ցածր լինել ՀՀ պետական բյուջեով նախատեսված 7 տոկոս ցուցանիշից։

2022թ․ Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի համաձայն՝ կանխատեսվում է Հայաստանի ՀՆԱ-ի 3.5 տոկոսանոց աճ։ ՀՀ կենտրոնական բանկն էլ իր հերթին բարելավել է 2022թ․ մարտին կատարված ՀՆԱ-ի աճի վերաբերյալ իր կանխատեսումը․ 1.6 տոկոսի աճը վերանայվել է 4.9 տոկոսի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում