Մոլդովայի դատախազությունը կալանք է դրել երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի և նրա ընտանիքի ունեցվածքի վրա։ Այս մասին Դոդոնը հայտնել է հինգշաբթի՝ հունիսի 23-ին, դատախազության մոտ իրեն սպասող լրագրողներին։ Դոդոնը կանչվել էր դատախազություն՝ գույքի զավթման մասին հաղորդում տալու համար։
«Չեմ կարող մանրամասնել։ Ես ստորագրել եմ մի փաստաթուղթ, որի մասին ոչինչ չեմ ասի. այս ամենը շոու է, ուզում են ամեն օր հեռուստատեսային շոու սարքել Դոդոնի դեպքի մասին»,- ասել է նախկին նախագահը։
Մայիսի 24-ին կալանավորված Դոդոնը տնային կալանքի տակ էր 30 օրով։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ պասիվ կոռուպցիայի, քաղաքական կուսակցության կողմից հանցավոր կազմակերպությունից ֆինանսավորում ստանալու, ապօրինի հարստացման և պետական դավաճանության համար։