ՀՅԴ Հայ դատի և քաղաքական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության այդ փաստաթղթերին, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց. «Այդ փաստաթղթերը Պետքարտուղարությունը չի հրապարակել, որպեսզի ինչ-որ նպատակներ հետապնդի: Սրանք, պարզ ասած, գողացել են պետքարտուղարությունից: Այսինքն` սա պետքարտուղարության նախաձեռնությունը չէ: Ինչ վերաբերում է այդ նամակին, ապա հաշվի առնելով կատարված որոշ դեպքեր՝ եզրակացությունը պարզ է. նման բան չի եղել Հայաստանում. ոչ մի զենք էլ չի վաճառվել Իրանին, բայց ամերիկյան կողմը սպառնալիքով ուզեցել է դրա դեմն առնել, որպեսզի հանկարծ զենք չվաճառվի կամ չփոխանցվի իրանական կողմին: Եթե նման բան իսկապես եղած լիներ, ապա բանակցությունների և նոր պայմանավորվածությունների հարց չէր դրվի, այլ միանգամից ՀՀ-ին պատժամիջոցների ենթարկելու հարցը կդրվեր: Այսինքն` սպառնալիքով փորձել են վտանգի առաջն առնել և ստացել են ցանկացածը. Հայաստանը գրավոր հավաստիացրել է, որ ոչինչ չի վաճառելու և չի փոխանցելու Իրանին, և երկրորդ` ամերիկյան կողմն իրավունք է ստացել մեր սահմանակետերում այդ ուղղությամբ պարբերաբար ստուգելու աշխատանքը»: