Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է բավարարել ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված)Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը: Հունիսի 23-ի նիստում որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
Ջհանգիրյանը հայտնեց, որ ԲԴԽ-ն դռնբաց նիստում քննության առնելով ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի՝ 2022 թվականի մայիսի 18-ին ԲԴԽ-ին ներկայացված միջնորդությունը և կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ որոշեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հանձնախմբի միջնորդությունը բավարարել:
«ԲԴԽ անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»,-ԲԴԽ որոշումը հայտնեց Ջհանգիրյանը՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Որոշման վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը: Դեմ է եղել Անի Մխիթարյանն, ով ունի նաև հատուկ կարծիք:
Ըստ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի՝ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, սակայն հրապարակվում է հունիսի 23-ին: